Երեխայի համար՝ ամենալավը. ընդունված այս կարգին Հայաստանում լիարժեք չեն հետևում. «Սպառողների միության» նախագահ
Թեև ընդունված է երեխաների համար ամենալավը՝ լինի դա ապրանք, պայմաններ, թե ծառայություն, Հայաստանում, սակայն, այդ կարգին լիարժեք չեն հետևում. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա, Հայաստանում վաճառվող խաղալիքները, հիմնականում, չինական ծագում ունեն, որն, ըստ նրա, հոմանիշ է անորակության:
«Մեր խնդիրը՝ հորդորել սպառողներին սերտիֆիկատ պահանջել, հատկապես՝ երբ հարցը երեխաներին է վերաբերում, իսկ խանութներում պահանջված սերտիֆիկատը արագ ներկայացնեն սպառողին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Ըստ Արմեն Պողոսյանի՝ խաղալիքների շուկայում առկա վիճակի պատճառը համապատասխան օրենքի փոփոխությունն է, երբ ցանկացած խաղալիք անարգել ներմուծվում է Հայաստան և միայն հետո է որակի տեսչությունը հավաստագիր տալիս:
«Շուկայում ապրանքը որոշվում է ըստ ռիսկայնության՝ մեկ, երեք և հինգ տարին մեկ, որը ստուգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի տեսչությունը՝ Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից: Խաղալիքը նախ արտասահմանյան սերտիֆիկատով է գալիս, որից հետո տրվում է հայկականը»,- ասաց նա և հավատացրեց, որ եղել են դեպքեր, երբ ապրանքը վաճառքից հանվել է:
«Ռեյմա» խաղալիք ներմուծող ընկերության ներկայացուցիչ Աննա Ալավերդյանը ասուլիսին էր ներկայացել թե՛ տեղական և թե՛ դրսից ներմուծված խաղալիքների հավաստագրերով: Նա համամիտ է «Սպառողների միության» նախագահի հետ, որ «դռները լայն են բացվել վատորակ խաղալիքների առաջ»:
Խաղալիք ներկրող ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ հավաստագրերում նշվում է, թե ինչ թեստ են անցել խաղալիքները, այն է՝ ինչ հումքից է պատրաստված, քանի տոկոս ծանր մետաղ է պարունակում, ինչ ներկ է օգտագործված: Իսկ այս բոլոր տեղեկությունները խիստ կարևոր են, այն տեսանկյունից, որ, հատկապես, փոքրիկ երեխաները հաճախ խաղալիքները ինքնաբերաբար բերանն են տանում։
«Ստուգվում է, թե արդյոք մանր մասեր կան, որը երեխան կարող է կուլ տալ, թունավոր ներկով է ներկված, նաև սուր անկյուններն են ստուգվում: Մինչև շուկա դուրս բերելը խաղալիքը ջարդվում է՝ պարզելու համար, թե արդյոք դրանից հետո սուր անկյուն առաջանում է, թե ոչ, նոր դուրս է գալիս շուկայից»,- ասաց նա:
Մասնագետը ծնողներին խորհուրդ է տալիս երեխաների տարիքին համապատասխան խաղալիք գնել. «Եթե 5-12 տարեկան է, հետևեն և այդ տարիքին համապատասխան առնեն»,- ասաց նա՝ հավելելով, որ տուփերի վրա նշված է լինում, թե խաղալիքը որ տարիքի երեխաների համար են նախատեսված:
Աննա Ալավերդյանը նկատեց, որ բոլորովին վերջերս շուկայում ուսումնասիրություն է կատարվել և հայտնաբերվել թունավոր նյութեր պարունակող խաղալիքներ:










