Սիրիահայ ուսանողներին կրթաթոշակի հավաստագրեր են հանձնվել

15:08 • 28.12.12

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամը» այսօր կրթաթոշակի հավաստագրեր է տրամադրել սիրիահայ ուսանողներին, տեղեկացնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Ուսման վարձերի փոխհատուցում են ստացել Հայաստանում սովորող 111 սիրիահայ ուսանողներ, որոնց ուսման վարձերի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 40 միլիոն դրամ։

Ուսման վարձերի փոխհատուցման հավաստագրերը սիրիահայ ուսանողներին հանձնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով իր խոսքում նշել է, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ ուղղված սիրիահայերի խնդիրների լուծմանը։

 

«Ես ուրախ եմ, որ արդեն հարյուրավոր սիրիահայ ուսանողներ ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Այս ծրագիրը սիրիահայ ուսանողներին աջակցելու նպատակ ունի, որպեսզի նրանք ժամանակավոր դժվարությունները կարողանան ավելի հեշտ հաղթահարել»,– ասել է նա։

 

«Մենք հետևելու ենք, թե ինչպես են ձեր գործերն ընթանում բուհերում, ինչ դժվարությունների եք հանդիպում, ինչպես եք ինտեգրվում։ Մենք մշտապես ձեր կողքին ենք լինելու, և դուք առարկայորեն տեսնելու եք պետության օժանդակությունը»,– ավելացրել է Տիգրան Սարգսյանը։

 

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրել է, որ ուսման վարձի փոխհատուցում կստանան Հայաստանում գտնվող բոլոր սիրիահայ ուսանողները՝ անկախ նրանից, սովորում են պետական, ոչ պետական բուհերում, թե միջին մասնագիտական կրթական հաստատություններում։

 

Կարեն Ավագյանը հայտարարել է նաև հայաստանցի ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի մեկնարկի մասին, որի համար ՀՀ կառավարությունը հիմնադրամին է հատկացրել 60 մլն դրամ։

 

Նա ընդգծել է, որ սոցիալական վիճակը չպետք է խոչընդոտ լինի որևէ երիտասարդի՝ կրթություն ստանալու համար։

 

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին ասել է, որ ԿԳՆ կարողությունները բավարար էին, որպեսզի սիրիահայերի հետ կապված նախապես չպլանավորված իրադարձություններին օպերատիվ և բովանդակային արձագանք տրվեր։


«Բազում մեխանիզմներ են ներդրվել սիրիահայերի կարիքները բավարարելու համար թե՛ հանրակրթության, թե՛ մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում։ Մենք, յուրաքանչյուր սիրիահայ երեխայի կրթական կարիքի բավարարման համար նպաստավոր պայմաններ ստեղծելով, պատրաստ ենք հաջորդ տարի նույնպես պետական քաղաքականության շրջանակներում նույնական վերաբերմունք ցուցաբերել տեղացի և սիրիահայ աշակերտների և ուսանողների համար»,– ասել է Արմեն Աշոտյանը։


Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանող Մուրադ Պողոսյանը, ով երեք ամիս առաջ է Սիրիայից տեղափոխվել Հայաստան, իր երախտագիտությունն է հայտնել ուսման վարձի փոխհատուցման համար՝ նշելով, որ այն որոշակիորեն կլուծի իր խնդիրները։

 

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Վրույր Բիլամջյանն իր հերթին ասել է, որ ուրախ է Հայաստանում լինելու համար և նշել, որ հայրենիքում իրեն ընդունել են գրկաբաց, Կառավարությունը մեծ աջակցություն է հայտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սիրիայում ապրող սիրիահայերին։ Նա համոզմունք է հայտնել, որ և՛ ինքը, և՛ այստեղ գտնվող իր սիրիահայ ընկերները մասնակցելու են Հայաստանը զարգացնելու, բարելավելու գործին։