Բրիտանիայի քաղաքականությունը կարող է քանդել ԵՄ-ն. Հերման վան Ռոմպեյ

09:06 • 28.12.12

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն այնպիսի քաղաքականություն է վարում, որը թշնամաբար է տրամադրում այլ տերություններին Եվրոպական Միության նկատմամբ, իսկ դա կարող է հանգեցնել կառույցի փլուզմանը։ Այս մասին, Взгляд-ի փոխանցմամբ, հայտարարել է Եվրոպական Միության նախագահ Հերման վան Ռոմպեյը։

 

«Եթե ԵՄ յուրաքանչյուր անդամ երկիր տարվող քաղաքականության (ԵՄ-ի-Tert.am) ուղղություններից վերցնի այն, ինչ իրեն է պետք, և հրաժարվի նրանից, որն իրեն ամենից քիչն է դուր գալիս, ապա կառույցը կփլուզվի»,- ասել է նա բրիտանական հեղինակավոր Guardian թերթին։

 

Ռոմպեյը հավելել է, որ ԵՄ անդամ բոլոր երկրները կարող են ունենալ և ունեն կոնկրետ խնդրանքներ և պահանջներ, որոնք միշտ հաշվի են առնվում։

«Ես չէի ցանկանա, որպեսզի ինչ-որ անդամ երկիր քանդի մեր եվրոպական համագործակցության հիմքերը»,- հավելել է նա։

 

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Բրիտանիայի վարչապետը՝ գտնվելով ԵՄ-ի հանդեպ բացասաբար տրամադրված պահպանողականների ճնշումների ներքո, հայտարարել է ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու մասին, եթե չվերանայվեն կառույցին Բրիտանիայի անդամակցության պայմանները։