ԱՄՆ-ն փակել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում դեսպանատունը
ԱՄՆ-ն դադարեցրել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում իր դեսպանատան գործունեությունը՝ պայմանավորված Բանգի քաղաքում առկա լարված իրավիճակով, տեղեկացնում է ռուսական Взгляд-ը։
Sеlеka կոալիցիայի ներկայացուցիչ ապստամբները, ովքեր մտադիր են դադարեցնել նախագահի լիազորությունները, մոտեցել են մայրաքաղաք Բանգիին և կառավարական ուժերից պահանջել հանձնել զենքերը։
«ԱՄՆ դեսպանատունը Բանգիում դեկտեմբերի 28-ից դադարեցրել է իր գործունեությունը՝ անվտանգության նկատառումներից դրդված։ Մենք չենք դադարեցրել հարաբերությունները Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության հետ», -ասված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը տեղեկացրել է, որ դեսպանն ու դիվանագետներն արդեն լքել են մայրաքաղաքը մի քանի այլ ամերիկացիների հետ։ Առայժմ դեսպանատան գործունեությունը վերականգնել հնարավոր չէ։
«Որոշումը բացատրվում է մեր աշխատակիցների անվտանգությամբ և ոչ ԿԱՀ-ի հետ մեր դիվանագիտական հարաբերություններով»,-ասված է փաստաթղթում։
Պետդեպը նաև կոչ է արել բանակցություններ սկսել երկրում և համաձայնության գալ՝ ԿԱՀ-ում խաղաղության հաստատման համար։










