ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, մտադիր է շարունակել Ռուսաստանում ժողովրդավարության աջակցությունը
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ռուսաստանում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ձևավորմանը, չնայած առաջացած դժվարություններին, որոնք ստեղծվում են «հակամագնիտսկյան» օրենքով, այսօր հայտարարել է ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Վենտրելլը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
«Սահմանափակումները, որոնք ներմուծվում են ռուսական քաղաքացիական կազմակերպությունների համար իրենց ամերիկյան գործընկերների հետ աշխատելու հարցում, կդժվարացնեն ռուսական և ամերիկյան ՀԿ-ների համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքների պաշտպանությունը, բաց կառավարությունը և ընտրական գործընթացների թափանցիկությունը:
ԱՄՆ-ն նախկինի պես նվիրված է քաղաքացիական հասարակության աջակցմանը և ամբողջ աշխարհում ժողովրդավարության տարածման գործին, այդ թվում և Ռուսաստանում», - ասվում է Վենտրելլի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր օրենք ստորագրեց, որը Ռուսաստանի պատասխանն է «Մագնիտսկու ակտին»:
Փաստաթուղթը արգելք է սահմանում Ռուսաստանում ԱՄՆ-ից ֆինանսավորվող շահույթ չհետապնդող կազմակերպությունների գործունեությանը` որոնք քաղաքականությամբ են զբաղվում, ինչպես նաև այն ՀԿ-ների, որոնց գործունեությունը վտանգ է ներկայացնում ՌԴ շահերի համար:










