Վրաստանի արդարադատության նախկին նախարարին հեռակա կարգով մեղադրանք է ներկայացվել
Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին հեռակա կարգով մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի չորս հոդվածներով, հայտարարել է երկրի գլխավոր դատախազությունը, փոխանցում է Новости-Грузия-ն:
Ադեիշվիլին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ամենամոտ գործընկերներից է: Նա լքել է Վրաստանը երկրի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, երբ պարզ դարձավ, որ իրենց դաշինքը խորհրդարանական մեծամասնություն չունի:
Օրերս նրան վկայի կարգավիճակով հարցաքննության էին կանչել, սակայն նախկին նախարարը դատախազություն չի ներկայացել:
«2012թ. դեկտեմբեր 28-ի որոշման համաձայն Ադեիշվիլին մեղադրյալ է ճանաչվել: Նա մեղադրվում է շահույթ ստանալու նպատակով իշխանությունը չարամիտ օգտագործելու մեջ, ինչպես նաև ազատազրկված անձանց հանդեպ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի կազմակերպման մեջ»,– նշված է դատախազության հայտարարության մեջ
Նաև նշվում է, որ նա մեղադրվում է «հատկապես ծանր հանցագործության մեջ, որը արտահայտվում է քրեական գործի ապացույցներ կեղծելու և հանցագործության դրդելուն»:
Грузия Online–ի փոխանցմամբ, Վրաստանի գլխավոր դատախազությունը դեկտեմբերի վերջին պարզել էր, որ վրացական բանտերում կտտանքների հայտնի տեսանյութերն արվել են Ադեաշվիլիի պատվերով:










