ՄԱԿ-ը հերքել է մինչև լիազորությունների ավարտը Ասադին պետության ղեկին թողնելու գաղափարի մասին լուրերը

01:00 • 29.12.12

ՄԱԿ-ի Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցով հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին երբեք նախաձեռնություն չի առաջարկել, ըստ որի սիրիական նախագահ Բաշար Ասադը կկարողանար իշխանության ղեկին մնալ մինչև 2014թ. իր լիազորությունների ավարտը, ուրբաթ հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:


Ավելի վաղ նման նախաձեռնության մասին հաղորդվում էր մի շարք միջազգային ԶԼՄ-ների կողմից, սակայն այժմ ՄԱԿ-ի կողմից պաշտոնական հերքում է տացվել՝ Մոսկվայում դեկտեմբերի 29-ին նախատեսվող Լավրով Բրահիմի բանակցություններին ընդառաջ:

 

Բրահիմին, ՄԱԿ-ի մամուլի ծառայության տեղեկություններով, «մշտապես ասում է, որ Սիրիայում փոփոխությունները պետք է սկսվեն որքան հնարավոր է շուտ: Կառավարությունը պետք է հնարավորինս շուտ ստեղծվի, և նա հույս ունի, որ ճգնաժամը կարող է հաղթահարվել 2013թ., իսկ մինչև 2014թ. սպասել չի կարելի», - ասվում է ՄԱԿ-ի հայտարարության մեջ:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի ամենախոշոր ընդդիմադիր կազմակերպությունը` Ազգային կոալիցիան, որը լեգիտիմ է ճանաչվել աշխարհի 130 երկրների կողմից, հայտարարել է, որ համաձայն է երկրում իրավիճակի քաղաքական լուծմանը միայն մի պայմանով, որ իշխանությունից պետք է հեռանա գործող նախագահ Բաշար Ասադը:


«Մենք ընդունում ենք ցանկացած քաղաքական լուծում, որը բացառում է Ասադի ընտանիքի մասնակցությունը և նրանց, ով վնասել է սիրիայի ժողովրդին: Քննարկվելու ենթակա են բոլոր տարբերակները բացառությամբ դրա: Մեր առաջին պայմանն այն է, որ նրանք պետք է լքեն երկիրը», - հայտարարել էր կոալիցիայի ներկայացուցիչ Վալիդ ալ-Բուննին: