2012-ին Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 14.000 անգամ
2012թ. ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 14.000 անգամ։
Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների ամփոփագրի՝ այդ ընթացքում ադրբեջանական զինուժը տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 68.700 կրակոց:
Հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ինտենսիվություն հատկապես նկատվել է պետական նշանակության միջոցառումների և տոն օրերի ժամանակ ու դրանց նախորդած շրջանում:
«Չնայած հակառակորդի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ առաջապահ զորամասերը ողջ տարվա ընթացքում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և լիովին վերահսկել իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում՝ հարկ եղած դեպքում ձեռնարկելով նաև կանխարգելիչ գործողություններ և ստիպելով վերջինիս հրաժարվել իր նկրտումներից»,– ասվում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:










