Հույներն ու ասորիները Նոր տարին տոնում են այնպես, ինչպես հայերը՝ չմոռանալով որոշ ավանդույթներ
Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչ Սլավիկ Ռաֆայելիդիսը և ասորական համայնքի «Աթուռ» կազմակերպության երիտասարդական թևի նախագահ Լեոնիդ Բադալովը այսօր լրագրողներին ներկայացրին Ամանորի իրենց ավանդույթները և ասացին, որ իրենք էլ Նոր տարին տոնում են այնպես, ինչպես հայերը՝ պահպանելով ազգային որոշ սովորույթներ։
Հույներն Ամանորը տոնում են դեկտեմբերի 25-ից հունվարի 14-ը։ «Մեր տոնական կերակուրներից է բրնձով տոլման, աղցանները, մրգերից պատրաստված հյութերը»,–ասաց հունական համայնքի ներկայացուցիչը՝ հավելելով, որ եղևնին իրենց տոնի պարտադիր զարդն է։
Հունական համայնքում հայկական ավանդական տարեհացին փոխարինում է պիտան, որի մեջ նույնպես «ղսմաթ» են դնում, և ում բաժին հասնի այդ կտորը, նա էլ կհամարվի տարվա հաջողակը։ Նոր տարվա պայմաններից մեկն էլ այս ժողովրդի համար հին իրերից ազատվելն է։
Համայնքի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանը միակ հանրապետությունն է, որտեղ իրենք խնդիրներ չեն ունենում։
Ասորական համայնքը նույնպես այս տոնը տոնում են ինչպես բոլորը՝ շատ ճոխ լույսերով, զարդարանքներով։ «Մեր ճաշատեսակներից է բուշալան, որը հայերի մոտ սպասն է, բայց մենք այն պատրաստում ենք տարբեր տեսակի համեմունքներով։ Տոնում ենք 12 օր, ինչպես տոնել են մեր պապերը»,- ասաց ասորական համայնքի «Աթուռ» կազմակերպության երիտասարդական թևի նախագահ Լեոնիդ Բադալովը՝ հավելելով, որ այդ օրերի ընթացքում իրենց մոտ տիրում է հավասարություն։
Նրա խոսքով՝ իրենք առանձնանում են իրենց ազգային երգ ու պարով, ավանդական երաժշտության տակ շուրջպար են պարում։
Ասորիների համար ավանդական Նոր տարին ապրիլի մեկն է, որը գալիս է հնուց և, ըստ համայնքի ներկայացուցչի, ապրիլի մեկի՝ խաբելու օրն էլ է եկել ասորիներից։
Ասորիների և հույների Ձմեռ պապիկները նույնպես նույնն է, ինչ որ հայերինը։
Նշենք, որ Հայաստանում այսօր ապրում են մոտ 5000 հույն և 6000-7000 ասորի։










