Հնդկաստանում մահացել է խմբակային բռնաբարության զոհը
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում խմբակային բռնաբարության զոհ դարձած 23-ամյա ուսանողուհին մահացել է Սինգապուրի հիվանդանոցում. տեղեկացնում է BBC-ն։
«Հիվանդը մահացել է դեկտեմբերի 29-ի առավոտյան 4։45-ին (տեղի ժամանակով)»,-նշված է հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ։
Ուսանողուհին Սինգապուր էր տեղափոխվել հինգշաբթի՝ Դելիում 3 անգամ վիրահատության ենթարկվելուց հետո։
Հանցագործությունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 16-ին, ինչի հետևանքով Հնդկաստանում սկսվել էին բողոքի զանգվածային ակցիաներ, որոնց ընթացքում զոհվել էր ոստիկանության մեկ սպա։
Բռնաբարությանը մասնակցություն ունենալու մեղադրանքով ձերբակալվել էր 6 տղամարդ։
Հնդկաստանի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են ցմահ ազատազրկման դատապարտել ավտոբուսում աղջկան բռնաբարողներին։ Բողոքի ակցիաներին մասնակցող ցուցարարները, սակայն, պահանջում են մահապատժի ենթարկել նրանց։










