Ամերիկուհին, չդիմանալով սթրեսին, խեղդել է աուտիզմով տառապող 4-ամյա որդուն

16:42 • 29.12.12

 

 Ամերիկյան Սան Դիեգո քաղաքում 37-ամյա Պատրիսիա Քորբին միտումնավոր կերպով ջրում խեղդել է աուտիզմով տառապող իր 4-ամյա որդուն, հայտնում է The Huffinghton Post-ը՝ նշելով, որ նրան այժմ ազատազրկում է սպառնում։

Հանցագործությունից հետո կինն ինքնակամ դիմել է ոստիկանություն և պատմել, որ իր տան լոգարանում խեղդել է սեփական երեխային։ Այնուհետև իրավապահները հայտնաբերել են տղայի՝ վերմակի մեջ փաթաթած անշնչացած դին Քորբիի մեքենայի մեջ։

Հետաքննության շրջանակներում մայրը պատմել է, որ այլևս ի վիճակի չէր դիմանալ աուտիզմով տառապող 4-ամյա Դանիելին խնամելու հոգսին ու սթրեսին։ Նա նաև նշել է, որ որդուն սպանելուց հետո փորձել է ինքնասպան լինել, սակայն դա նրան չի հաջողվել։

Այժմ Քորբիին 15 տարվա ազատազրկում է սպառնում։