Սիրիայի կառավարական ուժերը հսկողության տակ են վերցրել Հոմս քաղաքը

11:44 • 30.12.12

Սիրիայում կառավարական ուժերին հաջողվել է վերականգնել հսկողությունը երկրի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքի նկատմամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դրան նախորդել էին նախագահ Բաշար ալ-Ասադի և զինյալ ապստամբների միջև մի քանի օր տևած մարտերը։

 

Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները նշում են, որ քաղաքի գրավման ժամանակ Ասադի զինվորները սպանել են մոտ 200 մարդու, այդ թվում՝ կանանց ու երեխաների։

 

BBC-ն դեռ անկախ աղբյուրներից այս տեղեկության հաստատում չունի։

 

Նախօրեին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։

 

Հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Բրահիմին ասել է, որ «սիրիական հակամարտությունն ունի լուծման 2 տարբերակ՝ դիվանագիտություն կամ դժոխք»։

«Երկրորդ տարբերակից խուսափելու համար մենք բոլորով պետք է շարունակենք աջակցել հարցի դիվանագիտական լուծմանը»,- հայտարարել է Բրահիմին։

 

Լավրովն իր հերթին ասել է, որ սիրիական ներքաղաքական ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար դեռևս ժամանակ կա։