Հովիկ Աբրահամյանն այցելել է պաշտպանական դիրքեր (լուսանկարներ)

18:21 • 30.12.12

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 30-ին այցելել է ՀՀ պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել մարտական հենակետերում հերթապահության կազմակերպմանը, զինվորների ծառայության ու կենցաղային պայմաններին: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել սպաներին ու զինվորներին ծառայության համար, շնորհավորել ու բարեմաղթանքի խոսքեր ասաց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:


«Պարտավոր ենք մեր սահմաններն ամուր պահպանել: Այսօր Հայաստանի նախագահի հրահանգով խորհրդարանականները, կառավարության անդամները գտնվում են սահմանամերձ գոտիներում, այցելում զինվորներին, շնորհավորում գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մենք պետք Է բարձր գնահատենք նրանց ծառայությունը, պարտավոր ենք լինել նրանց կողքին, աջակցել: Կարող ենք փաստել, որ այսօր մեր երկրի պաշտպանության ու անվտանգության հարցը, որը մեր ժողովրդի ու պետության համար ամենակարևոր բաղադրիչն է, գտնվում է ամուր ձեռքերում, երկրի նախագահի ուշադրության կենտրոնում: Մենք պարտավոր ենք էլ ավելի ամրապնդել մեր սահմանները, զինվորների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանք կարողանան լավագույնս պաշտպանել մեր ժողովրդի անդորրն ու պետության անվտանգությունը»,- լրագրողներին ասել է Հովիկ Աբրահամյանը:


ԱԺ նախագահն ամանորյա նվերներ է հանձնել սահմանապահներին: Այցի ընթացքում Հովիկ Աբրահամյանին ուղեկցել են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, բարձրաստիճան զինվորականներ: