Թալիբները մահապատժի են ենթարկել առևանգված պակիստանցի զինվորականներին
«Թալիբան» իսլամիստական խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել Պակիստանի Փեշավար քաղաքի մոտակայքում առևանգված պակիստանցի զինծառայողներից 21-ին։ Այս մասին հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
21 դիակներն ու երկու ողջ մնացածները գտնվել են առևանգման վայրից ոչ հեռու, զինվորական ճամբարի մոտ։ Մինչ պատանդների վրա կրակ բացելը, թալիբները կապել են նրանց ձեռքերը։
Փեշավարի մոտ գտնվող զինվորական ճամբարի վրա հարձակումը կատարվել էր դեկտեմբերի 27-ին։ Մոտ 200 գրոհայիններ գիշերով ներխուժել էին ճամբար, սպանել 2 մարդու և առևանգել 23 զինծառայողի։
Թալիբները ստանձնել են զինվորականների սպանության պատասխանատվությունը։
Ավելի վաղ խմբավորման ղեկավարությունը հայտարարել էր, թե պատրաստ է պակիստանյան իշխանությունների հետ բանակցությունների, միայն այն դեպքում, եթե նրանք դադարեցնեն ԱՄՆ-ի հետ համագործակցությունը։










