«Վնուկովո» օդանավակայանում կործանված Տու-204-ի զոհերի թիվն ավելացել է

16:41 • 30.12.12

Այսօր մահացել է ՌԴ «Վնուկովո» օդանավակայանում երեկ կործանված Տու-204 ինքնաթիռի բորտուղեկցորդուհին, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Red Wings ավիաընկերությանը, որին էլ պատկանել է օդանավը։


«Այսօր մահացավ Տատյանա Պենկինան»,- ասվում է ընկերության՝ Twitter-ի միկրոբլոգում տեղադրված հաղորդագրության մեջ։

Այսպիսով, կործանված ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 5-ի։


Red Wings-ը նաև հերքել է լուրերն այն մասին, թե օդանավում 8-ից ավելի մարդ է գտնվել։

«Օդանավում գտնվել է միայն 8 հոգանոց անձնակազմը։ Այս թեմայով ցանկացած լուր չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Նախօրեին՝ մոսկովյան ժամանակով 16.45-ին, Չեխիայից ժամանած ռուսական Red Wings Airlines-ի Տու-204 օդանավը «Վնուկովո» օդանավակայանում վայրէջքի ժամանակ դուրս էր թռել թռիչքուղուց և բաժանվել 3 մասի ու այրվել։ Մի մասն ընկել էր Կիևյան մայրուղու վրա, որի հետևանքով երթևեկությունը դադարեցվել էր։