Ախ երնեկ այս Նոր տարին…. հալեպահայերն այս Ամանորը կնշեն ավանդականից տարբեր

13:52 • 31.12.12

Այս տարի հալեպահայերն ամանորը կնշեն ավանդականից տարբեր. տոնական լուսավորությանը կփոխարինեն մոմերը, իսկ սեղանները ևս, ամեն տարվա պես առատ չեն լինի։ Հայաշատ Հալեպի բազմաթիվ թաղամասեր դեռ զրկված են էլեկտրաէներգիայից և ջրից։ Քաղաքում գրեթե հաց չկա, իսկ եթե հնարավոր է լինում գտնել, ապա այն նորմալ գնից մոտ 10 անգամ ավելի թանկ է լինում։


Tert.am-ի հետ զրույցում նման պատկեր ներկայացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը։ «Քիչ հնարավորություն կունենանք քով-քովի գալու։ Բայց ամեն ընտանիք այս տարի, իր օրվա պայմաններու համաձայն սեղան կը դնե, կենաց մը կխմե, աղոթք մը և բարեմաղթություն մը կ’ընե»,- ասաց Ժիրայր Ռեյիսյանը՝ հավելելով, որ Հալեպում հայերը սովորաբար Ամանորը դիմավորում էին բոլոր ազգականներով հավաքված որևէ մեկի տանը։


Ռեյիսյանը, այնուամենայնիվ, տրամաբանական համարեց, որ «աս Նոր տարին նախորդ տարիների նման նշել, բնականաբար, չի ստացվի. աղմկոտ խրախճանքներ չեն լինի, քանի որ հատկապես երեկոյան ժամերին մարդիկ փակվում են տներում՝ որևէ «տհաճ անակնկալի» հանդիպելու վախից»:


Մոտ մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 4-ին կնոջ և երեխայի հետ Սիրիայից Հայաստան եկած Րաֆֆի Մուրադյանը, որը ամեն տարի Ամանորը դիմավորել է հարազատների՝ ծնողների, կնոջ ծնողների, քրոջ ընտանիքի հետ, այս տարի Կաղանդը կնշի ոչ այնպես, ինչպես ավանդաբար: «Կնոջս ու իմ ծնողներն այնտեղ են, չկարողացան գալ հոս: Սովորական Կաղանդ պետք է անենք, և գոնե կարողանանք կապ հաստատել ինտերնետի միջոցով , սկայպով գոնե մեր ընտանիքներն ալ տեսնենք»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց Րաֆֆին:


Նա Երևանում արդեն տուն է վարձել ու հասցրել է աշխատանքի ընդունվել: «Եկանք այստեղ հաստատվելու, որովհետև վիճակը այլևս շատ վատ էր: Արդեն հիմա էլ գործի էլ անցա, և հոս հաստատվելու ծրագիր կա: Աս է մեր հաստատվելու պատմությունը»,- նշեց նա՝ պատմելով, որ այս տարի մի քիչ տարբեր են լինելու նաև իրենց բարձրացնելիք բաժակները:


«Առաջ բաժակ կխմեինք առողջության, գործի հաջողության, բայց աս տարի կարծես տարբեր բաժակ պիտի խմենք և ամենագլխավորը՝ Սիրիայի խաղաղության, առողջության, որ Աստված մարդոց վտանգե հեռու պահե: Ադ պիտի մաղթենք»,- ասաց նա: