ԱՄՆ-ում տուրիստական ավտոբուս է վթարի ենթարկվել. 9 զոհ, 20 վիրավոր
Կանադական ընկերությանը պատկանող տուրիստական ավտոբուսը ԱՄՆ Օրեգոն նահանգում կոտրելով մայրուղու արգելապատնեշը ընկել է բարձունքից. զոհվել է 9, վիրավորվել շուրջ 20 մարդ. տեղեկացնում է BBC-ն։
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, ոստիկանությունը հաղորդել է, որ ավտովթարը տեղի է ունեցել Փենդլթոն քաղաքի մոտակայքում։ Վթարի ենթարկված ավտոբուսը, որում եղել է 40 մարդ, Լաս Վեգասից վերադառնալիս է եղել Վանկուվեր։
Փրկարարները պարաններով հանել են փրկվածներին։ Նրանց թվում եղել է ավտոբուսի վարորդը, ով ծանր վնասվածքներ է ստացել։
Այս պահին ոստիկանությունը հետաքննում է վթարի պատճառները։ Նշվում է, որ ճանապարհին մերկասառույց է եղել։










