2013թ-ին իշխանութանը ուժ և օբյեկտիվություն, իսկ ընդդիմությանը` խոհեմություն և էլի ուժ. Էդուարդ Շարմազանով

14:33 • 01.01.13

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանվը 2013թ-ին իշխանությանը մաղթում է ուժ և օբյեկտիվություն, իսկ ընդդիմությանը` խոհեմություն և էլի ուժ:


«Իշխանություններին լիքը ուժ, օբյեկտիվություն, որպեսզի կարողանա քայլ առ քայլ լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացած եմ մեր երկրի առջև: Իսկ ընդդիմությանը խոհեմություն և էլի ուժ, որպեսզի կարողանան հանուն մեր ազգային, պետական նպատակների կարևոր առաջարկներ անել և որտեղ որ իշխանությունը թերանա` մատնանշել», - Tert.am-ի հետ զրույցում նման քաղաքական բարեմաղթանք հայտնեց նա:


ԱԺ փոխնախագահը նշեց, որ իշխանությունը և ընդդիմությունը պետք է հասկանան մի բան, որ պարտավոր են իրար հանդուրժել, որովհետև բոլորս ապրում ենք մի նավում, որը կոչվում է Հայաստան աշխարհ:


«Պայքարը թող միշտ լինի սուր գաղափարական, բայց ոչ երբեք անձնական: Իսկ մեր երկրին մաղթում եմ խաղաղություն: Երբ երկրի մասին խոսում ենք, աչքիս միանգամից գալիս է սահմանում կանգնած զինվորները: Դրա համար մեր երկրին խաղաղություն, անվտանգություն, հետո նոր աշխատատեղեր, դրական մթնոլորտ: Մեզ բոլորիս բարություն եմ ցանկանում, և ևս մեկ անգամ բոլորս գիտակցենք, որ մարդիկ ստեղծված են իրար ոչ թե խանգարելու, այլ օժանդակելու համար»,-ասաց նա:


Իսկ Ձմեռ պապին ԱԺ փոխնախագահը հավատում է մինչ օրս: Նրա համար Ձմեռ պապից ստացած ամենամեծ նվերը եղել է ֆուտբոլի գնդակն ու մարզական կոշիկները:


«Իհարկե այն ծնողներս էին առել, բայց մտածում էի ձմեռ պապն է բերել: Հիշարժան ամանորները եղել են մանկության տարիներին, երբ գիշերը երեխաներով քնում էինք, առավոտյան արթանանում էինք, ու տոնածառի տակ Ձմեռ պապը նվերներ էր բերած լինում: Ընդհանրապես, Ձմեռ պապը ինձ համար ասոցացվում է մանկության հետ: Այն ջերմություն է խորհրդանշում»,- ասաց նա:


Էդուարդ Շարմազանովը ցանկություն հայտնեց, որ տարվա մեջ մեկ անգամ բոլորը Ձմեռ պապին հավատան: