Ամանորը մեր կյանքի ամենագեղեցիկ տոնն է, որը օգնում է կապը չխզել մանկության հետ. Շուշան Պետրոսյան
Երգչուհի և ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի համար Ամանորը մեր կյանքի ամենագեղեցիկ տոնն է, և այն օգնում է կապը չխզել մանկության հետ: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքը հավատում է Ձմեռ պապին և նրանից միշտ միայն լավ ակնկալիքներ է ունենում:
«Ինքը երբևէ հակառակը չի անում, իսկ ինչ որ անում է` սիրո վրա հիմնված է անում: Ակնկալիքներս Ձմեռ պապից սովորական են` սեր սփռվի երկրի վրա, որպեսզի մարդիկ իրար սիրեն, ավելի խնամքով վերաբերվեն իրար»,- ասաց նա:
Թեև Շուշան Պետրոսյանը դժվարացավ Ամանորի հետ կապված իր կյանքից որևէ պատմություն պատմել, բայց նշեց, որ իր համար ամենաուրախալի պահերից մեկը տոնածառը զարդարելն է:
«Դրանք երբեք չեն կրկնվում և միշտ սրտի թրթիռով եմ վերաբերվում տոնածառը զարդարելուն: Սիրում եմ ընտանիքիս անդամների ու ընկերներիս համար նվերներ պատրաստել: Փորձում եմ ընտրել այն, ինչ իրենք սիրում են: Երբեք չեմ սիրում նվիրել մի բան ուղղակի նվիրելու համար»,- ասաց երգչուհին:
Նա չի կիսում տարածված այն կարծիքը, թե մենք` հայրես, չեն կարողանում նշել այս տոնը և ամեն անգամ այն անցկացնում ենք միանման` իրար տուն գնալով, պարտադրված առատ սեղաններով: Ավելին` Շուշան Պետրոսյանն էլ ավանդաբար տոներին այցելում է իր հարազատների ու ընկերների տներ` շնորհավորելու նրանց Ամանորը:
«Հավատացե´ք, այնքա~ն մարդկային են մեր ամանորյա տոնակատարությունները: Դուք դա կհասկանաք, եթե մի անգամ դրսում դիմավորեք: Ձանձրալին, գուցե, ստրկատորեն , անպայման բուդ սարքելն է: Ես կարծում եմ, որ այնքան ազատ մարդ եմ, որ կարող եմ անել այն, ինչ նախընտրում եմ: Այսինքն` սարքել գեղեցիկ ուտեստների մի հավաքածու, ձևավորել սեղանը, բայց ձանձրալի ոչինչ չկա: Ինչպե՞ս կարելի է սիրելի մարդկանցից ձանձարանալ: Կարելի է ձանձրանալ միայն պարտավորեցնող բաներից, այն եթե հետաքրքիր թեմա չէ»,- ասաց նա:
2013թ-ին երգչուհի Շուշան Պետրոսյանը իր երկրպագուներին կներկայցնի Oaksenham պրոգրեսիվ ռոք խմբի հետ արված մի նախագիծ, որն արդեն պատրաստ է, իսկ որպես պատգամավոր ինչ օրենսդրական փոփոխություններով էլ հանդես գա 2013թ-ին` կլինի միայն մշակույթի ոլորտում:
Ըստ Շուշան Պետրոսյանի` 2013թ-ը միաժամանակ բարդ ու գունեղ է լինելու: «Ընտրություններ են լինելու: Ուզում եմ, որ ամեն մարդ ինչ գաղափարի էլ որ ծառայի, այն ծառայեցնի երկրի բարգավաճման, ծաղկման, փայլուն ապագայի, մեծացող զավակների համար: Բոլորը մոռանան սեփական ամբիցիաները և անառևտուր վերաբերվեն այս հարցին: Չգնան ինչ-որ քայլի հանուն օգուտի, այլ գնան ուղեղով` մտածելով երկիրը ոտքի կանգնեցնլու մասին: Իսկ մաղթանքս էլ մեկն է` հնարավորինս կուզեմ վարակել բոլորին լավատեսությամբ` Հույս, Հավատ ու Սեր»,-ասաց նա:










