Ջասթին Բիբերը ցավակցել է իր մեքենան լուսանկարելու ժամանակ զոհված պապարացիի հարազատներին
Դեռահասների շրջանում սիրված երգիչ Ջասթին Բիբերն այսօր ցավակցել է իր Ferrari մակնիշի մեքենան լուսանկարելու ժամանակ վրաերթի ենթարկված պապարացիի հարազատներին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն` վկայակոչելով CNN հեռուստաալիքին:
Պապարացին այնքան է տարվել սպիտակ Ferrari-ով, որ դուրս գալով երթևեկելի գոտի վայրկյանների ընթացքում վրաերթի է ենթարկվել Toyota Highlander մեքենայի կողմից, հայտնել է Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը:
Ըստ իրավապահի` մեքենայի կին վարորդին մեղադրանք չի առաջադրվի:
Ինչպես պարզվել է, երգչի մեքենայում եղել են նրա ընկերները, անձամբ Բիբերն այդ ժամանակ այլ վայրում է եղել: «Չնայած ես այս ողբերգական միջադեպի անմիջական մասնակիցը չեմ, սակայն իմ մտքերն ու աղոթքները զոհվածի ընտանիքի հետ են»,- Բիբերի խոսքերն է մեջբերել CNN հեռուստաալիքը:










