Սուպերմարկետում կողպված 73-ամյա ֆրանսուհին Ամանորը դիմավորել է «ապրանքների ընկերակցությամբ»
Յոթանասուներեքամյա կինն Ամանորը դիմավորել է Ֆրանսիայի Ռուբե քաղաքի սուպերմարկետներից մեկում, որտեղ պատահմամբ կողպել էին նրան, հայտնում է Газета-ն` վկայակոչելով BBC-ին:
Սուպերմարկետ այցելած ֆրանսուհին իրեն վատ է զգացել և գնացել զուգարան: Վերադառնալով` նա հայտնաբերել է, որ խանութը դատարկ է, իսկ նա` կողպված: Նա մի քանի անգամ սեղմել է «տագնապային կոճակը», սակայն անվտանգության աշխատակիցները չեն արձագանքել:
Սուպերմարկետի ղեկավարությունը ներողություն է խնդրել` հայտնելով, որ ամանորյա օրերին համակարգն արձագանքում է միայն խանութ ներխուժման կամ ապրանքների շարժվելու դեպքում:
Երեքշաբթի առավոտյան տարեց կնոջը հայտնաբերել է խանութի մենեջերը:










