Թող տունը մի քիչ ցուրտ լինի, սեղանը` պակաս, բայց կարևորը տոներն անցկացնեն իրենց մայրիկի հետ. գիշերօթիկի դաստիարակ
Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ հաստատության փոքրիկների համար մինչ տոները միջոցառումներ են կազմակերպվում, սակայն տոներին պարտադիր նրանց ուղարկում են տուն՝ ծնողների մոտ:
«Տոնական տրամադրությունը թեև իրենց տներում այն չէ, ինչպես կցանկանային, որովհետև նրանք հիմնականում անապահով ընտանիքների երեխաներ են, բայց դա կապ չունի: Ցանկացած երեխայի համար կարևորն ընտանիքն է: Մենք ինչ էլ որ անենք` ընտանիքի ջերմությունն ուրիշ է, թող տունը մի քիչ ցուրտ լինի, մի քիչ սեղանը պակաս, բայց կարևորն իրենց մամայի հետ լինեն, և իրենց դրանով արդեն երջանիկ կզգան»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց գիշերօթիկի դաստիարակ Էլմիրա Դանիելյանը:
Նա նշեց, որ մինչ արձակուրդ գնալը, երեխաների համար գիշերօթիկ հաստատությունը բազմաթիվ նախատոնական միջոցառումներ է կազմակերպում, երեխաներին Ձմեռ պապը հյուր է գալիս, նվերներ բերում:
«Մեզ մոտ տիկնիկային թատրոնն է եկել երեխաներին ուրախացրել, Երգի պետականի թատրոնում տոնածառի ենք հրավիրվել, Ձմեռ պապն է եկել, տարբեր հովանավորներ կան, ուսանողներ, իրենց նվերներով, քաղցրավենիքներով եկել են, այնպես որ անտեսված չենք»,-նշեց նա:
Այնուհետ գիշերօթիկի աշխատակիցը ներկայացրեց երեխաներին. «Փափազյանները հինգ երեխա են, շուտով վեցերորդն էլ կգա: Չորս երեխա ունենք մի ընտանիքից, զույգեր կան»:
Էլմիրա Դանիելյանը նշեց, որ երրորդ դասարանից բարձր երեխաները գիշերօթիկ կվերադառնան հունվարի 14-ից, իսկ առաջինից երրորդ դասարանցիները՝ հունվարի 20-ից:
Փոքրիկները նույնպես անհամբեր սպասում էին տոներն իրենց ընտանիքներում դիմավորելուն: 10-ամյա Մանե Հովհաննիսյանը տոներից առաջ մեզ հետ զրույցում ուրախությամբ հայտնեց, որ անչափ կարոտել է մայրիկին ու ուզում է հնարավորինս շուտ տեսնել նրան: Փոքրիկի խոսքով` իրենք Նոր տարին դիմավորում են ընտանիքի անդամներով սեղանի շուրջ նստելով:
«Սայլուտներ ենք տրաքացնում, բաժակներ լցնում»,-ասաց նա և նշեց, որ սեղանի շուրջ նստում են ինքը, մայրիկը, քույրը և եղբայրը: Հայրիկը, նրա խոսքով, մի քանի տարի առաջ լքել է իրենց:
Մանեն Ձմեռ պապից խնդրել է, որ այս տարի իրեն տիկնիկ բերի, համակարգիչ և բջջային հեռախոս՝ իսկական, որպեսզի շուտ-շուտ մայրիկի հետ կարողանա խոսել:
7 տարեկան Նարինեն սայլակով տիկնիկ է խնդրել Ձմեռ պապից, իսկ Ելենան` փայտե ձի և հեռախոս:
Նրանք բոլորն էլ նշեցին, որ Ամանորին իրենց տանը ոչ մի բանի պակաս չեն զգում և դիմավորում են շատ լավ՝ լի սեղանների շուրջ:










