Հրդեհներ՝ մարդկային կորուստներով
Այսօր մի քանի հրդեհներ են եղել հանրապետության տարբեր մարզերում, որոնց հետևանքով նաև մարդկային կորուստներ են գրանցվել:
Ըստ ԱԻՆ կայքի՝ այսօր` ժամը 03:00-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 4 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները տնից դուրս են բերել Ռ. Խաչատրյանի այրված դին (մոտ 85 տարեկան): Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.57-ին, մարվել 8.50-ին: Ամբողջությամբ այրվել է Ռ.Խաչատրյանին պատկանող տունը (80 քմ):
Tert.am-ի տեղեկություններով՝ բռնկված հրդեհի պատճառով մահացել է Ռոզա Խաչատրյանը, ով միայնակ կին է և երեխաներ չունի: Հարևանները հստակ չգիտեն, թե որն է եղել հրդեհի պատճառը, ըստ նրանց, կինը նույնիսկ տունը նորմալ չի տաքացրել:
Առավոտյան ժամը 10.25-ին հրշեջներն ահազանգ են ստացել արդեն Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անտառավան 5-րդ թաղամասից, որ 21ա շենքի մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 232/048 տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.05-ին: Տնակում հայտնաբերվել է 1935 թ. ծնված Ֆ. Սարգսյանի դին:
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր ժամը 05.21-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավուշի մարզի Գանձաքար գյուղի 24-րդ նրբանցքի թիվ 28 տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.11-ին, մարվել՝ 07.17-ին: Այրվել է Ա. Հակոբյանին պատկանող տան տանիքը (120 քմ) և խոհանոցը` գույքով (16 քմ):
Հրդեհի ահազանգ է եղել նաև մայրաքաղաքից: Ժամը 10.59 -ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի 51/1 շենքի 1-ին հարկից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախարարության կայքը տեղեկացնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:










