Իսրայելի բանակում տարածված ֆլեշմոբ պարերը վտանգում են երկրի անվտանգությունը (տեսանյութ)

23:01 • 02.01.13

Իսրայելի բանակի հրամանատարությունը մտահոգված է համացանցում տարածված պարող զինծառայողների տեսանյութերով, որը յուրօրինակ մրցույթի է վերածվել բանակային ստորաբաժանումների միջև: Հրամանատարությունը կարծում է, որ զինծառայողները նման կերպ կարող են թշնամուն բանակային գաղտնիքներ բացել, հաղորդում է NEWSru Israel-ը:


Նման տիպի առաջին տեսանյութերը հայտնվել են դեռ 2010թ.: Խևրոնում պարեկության ժամանակ իրականացված և լրատվամիջոցների լուսաբանմանն արժանացած տեսանյութում 6 զինծառայող Ke$ha-ի Tik Tok երգի ներքո են պարում: Այդ տեսանյութի «հերոսները» հետագայում պատժվել են հրամանատարների կողմից, իսկ տեսանյութը YouTube-ից ջնջվել է «հեղինակային իրավունքների խախտման» պատրվակով:


Այդ ժամանակվանից երևույթը լայն տարածում է ստացել: Իսրայելական տանկային ստորաբաժանումների զինծառայողները պարում են Tacata-ի երգի տակ:


Շատ հիթային երգեր որպես ֆլեշմոբային տեսահոլովակների հիմք են ծառայում բազմաթիվ դեպքերում,մասնավորապես, հայտնի Gangnam Style-ը կամ Ai Se Еu Te Pego-ն: Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով` զինվորները սպայակազմի թույլտվությունը չեն ստացել, բայց ստորաբաժանումների միջև մրցավազք է սկսվել, թե ով ավելի լավ տեսահոլովակ կնկարահանի:


Հրամանատարությունը դեմ է նման տեսանյութերին, քանի որ դրանք նկարահանվում են ռազմաբազաներում կամ նույնիսկ գաղտնի գործողությունների ժամանակ, իսկ այդ տվյալները կարող են շատ բան ասել հակառակորդի հատուկ ծառայություններին: