Լեհաստանում անհայտ անձն Ամանորի գիշերը կենդանաբանական այգուց երկու արքայական պիթոն է գողացել

20:59 • 02.01.13

Անհայտ անձն Ամանորի գիշերը լեհական Խոժուվ քաղաքի կենդանաբանական այգուց երկու արքայական պիթոն է գողացել, հաղորդում է ИТАР-ТАСС ` վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին:


Ուղիղ կեսգիշերին, երբ ողջ երկիրը դիմավորում էր 2013թ., գողը կոտրել է տերարիումի ապակին և առևանգելով հազվադեպ օձերին՝ թաքնվել:


«Չարագործն օգտվել է հրավառության և ճայթյունների ձայներից, որ ոչ ոք չլսի կոտրվող ապակու ձայնը: Միայն առավոտյան են աշխատակիցները նկատել գողության հետքերը», - ասել է այգու տնօրենը:

 

Նրա խոսքով` գողի համար դժվար կլինի օձերին վաճառել, քանի որ դրանք հատուկ չիպեր են կրում: 
Հետաքննությունը տեղի ոստիկանությունն է վարում: Տեսահսկման համակարգը ֆիքսել է գողի ուրվագիծը, ով կեսգիշերին փախչում էր օձերը ձեռքին:


Քննիչները չեն բացառում, որ հանցագործին նման արարքի է մղել 2013թ. կենդանի խորհրդանիշն ունենալու ցանկությունը: