Րաֆֆի Հովհաննիսյանը տոնական օրերը կանցկացնի ուրիշների համար անսովոր, բայց իր համար սովորական բարև տալով և ստանալով
Լուսանկարը` Mediamax-ի
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը 2013թ.-ին չի ցանկանում, որ իր ամանորյա ցանկությունը միայն մաղթանք մնա, այլ խնդրում է, որ ժողովուրդը հասկանա, որ բարեփոխումները հենց նրանց ձեռքում է:
«Այս հարցն այնքան շարքային է, բայց միևնույն ժամանակ դժվարանում եմ պատասխանել: Մաղթանքս շարքային հայ մարդու կարիքին համապատասխան է՝ ազատություն, արդարություն, աշխատանք, առողջ երեխաներ, նորմալ վիճակ, նորմալ սեղան, տուն՝ հրաշալի հայրենիքում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և նշեց, որ իր այս մաղթանքները գուցե ոմանց համար երազանք են թվում, բայց իր համոզմամբ՝ իրականում դա նրանց ձեռքում է:
«Առաջին հերթին դա մեր ձեռքում է, եթե ցանկանում ենք` կարող ենք ի կատար ածել, եթե ցանկությունը միայն մաղթանքի միջոցով լինի` կյանքը չի փոխվի, մեզ անհրաժեշտ է նոր կյանք և նոր երկիր»,-ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը Ձմեռ պապից էլ նյութական ակնկալիքներ չունի: «Ակնկալում եմ Ձմեռ պապից ազատ, արժանապատիվ քաղաքացի, բարի տարի բոլորին և որ երիտասարդն իր հեռանկարը հայրենիքում տեսնի: Թե Ձմեռ պապը կկարողանա իր տոպրակում այդ ամենը տեղավորել՝ իր գործն է: Անկախ դրանից, մենք պետք է մեր ցանկություններն իրականացնենք»,-ասաց նա:
«Ժառանգություն» կուսակցության նախագահը նշեց, որ այս նոր տարին դիմավորել են տանը՝ ընտանեկան միջավայրում, բայց տոներին, ավանդույթի համաձայն, տանը չեն մնա և կանցկացնեն բարև տալով և ստանալով: «Սուրբ ծննդին եկեղեցի կգնանք, նաև ավանդույթը հարգելով տանը չենք մնա, հրապարակ կգնանք, միգուցե Արմենուհուն (կնոջը-Tert.am) համոզեմ մի խմիչք հյուրասիրեմ սրճարաններից մեկում: Եվ ընդհանրապես տարին կդիմավորեմ բարև տալով և ստանալով: Այդ բարևը գուցե ոմանց համար հեգնանքի առարկա է, անսովոր է, բայց ինձ համար դա բնական վիճակ է»,-նշեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանն անկեղծացավ, որ նվերների հարցում ինքն այդքան էլ լավ չի կողմնորոշվում: «Նվերների որոշման տեսակետից իմ հոտառությունն այդքան բարձր չէ, ծաղիկ է, շոկոլադ է, բայց իմ ստեղծագործությունն այլ որտում է, անակնկալներ՝ համպատրաստից»,-նշեց նա:










