Սիրիայում առևանգվել է France-Presse-ի թղթակիցը

21:33 • 02.01.13

Սիրիայում անհայտ անձինք առևանգել են ԱՄՆ-ի քաղաքացու, ով Agence France-Presse-ի թղթակիցն է, հաղորդում է РИА Новости-ն:

 

Ամերիկայի քաղաքացի 39-ամյա Յեյմ Ֆոլին վերջին ամիսներին տեսանյութեր էր պատրաստում France-Presse գործակալության համար` լուսաբանելով Սիրիայի հակամարտությունը:


Ականատեսների տեղեկություններով` մի խումբ զինված անձինք նրան առևանգել են նոյեմբերի 22-ին, Իդլիբ նահանգի Տաֆտանազ քաղաքում, որտեղ նա իր գործընկերոջ հետ աշխատանքի բերմամբ էր հայտնվել: Գործընկերը ևս առևանգվել է:

 

Ավելի ուշ գրոհայիններն ազատ են արձակել լրագրողի թարգմանչին և վարորդին: Այս միջադեպի վերաբերյալ լռությունը Ֆոլիի ընտանիքը խախտել է միայն այսօր, հույս ունենալով, որ նրա առևանգման մասին լուրը կարող է օգնել ազատագրմանը:


France-Presse գործակալությունը նշում է, որ մյուս առևանգված լրագրողի հարազատները խնդրել են նրա անունը չհայտնել:


Սիրիայի հյուսիսում գործող զինված խմբավորումներից ոչ մեկը դեռ չի ստանձնել առևանգման պատասխանատվությունը: