Ամանորի գիշերն Արթիկի շտապօգնություն դիմած երիտասարդն ասել է, թե բաժակ է կուլ տվել
Շիրակի մարզի Արթիկ քաղաքում դեկտեմբերի 31- ի երեկոյան ժամը մոտ 2-ին, 34-35–ամյա մի երիտասարդ շտապօգնություն է կանչել՝ պատճառաբանելով, որ արդեն մեկ շաբաթ է կողքը ցավում է։ Երբ բժիշկները տեղ են հասել, երիտասարդը դժկամորեն խոստովանել է, որ բաժակ է կուլ տվել։
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Արթիկի շտապօգնության աշխատակիցներից մեկը և նշեց, որ իրենց այդպես էլ չհաջողվեց պարզել, թե արդյոք տղան ճիշտ է ասում։
Աշխատակցի տեղեկացմամբ՝ Ամանորի գիշերն շտապօգնության Արթիկի մասնաճյուղում գերակշռել են ալկոհոլի չարաշահման դեպքեր։ «Հայկական սովորույթի համաձայն մի 22-23-ամյա երիտասարդ ամեն հարևանի տանը մի-մի բաժակ խմելուց հետո վատացել էր, արյան ճնշումն ամբողջովին իջել էր»,- ասաց նա՝ նշելով, որ, բարեբախտաբար, դժբախտ դեպքեր չեն արձանագրվել։
Այդ գիշեր Արթիկում մեկն էլ որոշել էր բարձրանալ կտուր: Բարձրացել էր, վայր ընկել ու վնասվածքներ ստացել։
Արձանագրվել է նաև երիկամաքարային հիվանդությունների սրացման դեպքեր, ինչը, ըստ աշխատակցի, հնարավոր է, որ պայմանավորված լինի համեմունքների, թթու, կծու ուտեստների չարաշահումով։










