Հայտարարվել են 2012 թվականի «առաջատար» ֆիլմերն` ըստ կինովրիպակների քանակի
2012թ. կինովրիպակներով առաջատար է համարվել Men in Black ֆիլմի 3-րդ մասը: Ամենաշատ անհամապատասխանություններ ունեցող ֆիլմերի վարկանիշը կազմվել է Moviemistakes կայքի կողմից, գրում է Газета.ru կայքը:
Ֆիլմում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 63 սխալ: Օրինակ` առաջին ֆիլմի հետ անհամապատասխանություն է այն, որ գործակալ Ջեյի ծննդյան տարեթիվ է նշված 1975 թվականը, այն դեպքում երբ գործողությունները տեղի են ունենում 1969 թվականին, որտեղ երևում է Ջեյ երեխան, ով 7-8 տարեկան է:
2-րդ տեղը զբաղեցրել է Ջեյմս Բոնդի մասին պատմող վերջին ֆիլմը: Նրանում հայտնաբերվել է 35 սխալ: Դրանցից է օրինակ, այն դրվագը, երբ Բոնդը լրիվ չոր է դուրս գալիս՝ սառցե ջրում լողալուց հետո: Եվս մեկ ակնհայտ վրիպակ է , երբ նրա «խելացի» ատրճանակը ճանաչում է Բոնդին ըստ մատնահետքերի, չնայած, որ նա ձեռնոցներով էր:
3-րդ տեղը զբաղեցրել է Batman:The Dark Knight Rises ֆիլմը, որտեղ հայտնաբերվել է 24 վրիպակ:
Այս ֆիլմին հաջորդում է The Amazing Spider-Man ֆիլմը, որտեղ նույնպես նկատվել է 24 սխալ: 5-րդ հորիզոնականը զբաղեցրել է The Avengers ֆիլմը, որը համարվում է տարվա ամենաեկամտաբեր ֆիլմերից մեկը:










