Սյունիքի Բռնակոթ գյուղում գայլերի հարձակումից մոտ 100 ոչխար է ոչնչացվել
Գայլերը երեկ մտել են Սյունիքի մարզի Բռնակոթ համայնք և հասցրել մի գիշերվա մեջ մոտ 100 գլուխ ոչխար ոչնչացնել: Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բռնակոթի գյուղապետ Ատոմ Առաքելյանը:
«Բոլոր ոչխարները պատկանել են մի գյուղացու` Սեյրան Առաքելյանին: Հիմիկվա տվյալներով չեմ կարող ասել, թե նյութական ինչ վնաս են տվել, բայց էն որ մի ժամանակ պարսիկներն էին ոչխարի միսը տանում, էդ ժամանակվա գներով մի 6 մլն դրամ կարժենար էդքան ոչխարը»,-ասաց Ատոմ Առաքելյանը:
Գյուղապետի խոսքով, առաջին անգամն է, որ գյուղի ոչխարների վրա նման մասշտաբային հարձակում է լինում։ «Ոչխարների մի մասը ամբողջովին հոշոտվել են, 25 գլուխ չեն գտել, մնացած ոչխարներից մի 30 գլուխ ոչ մի բանի պիտանի չէ, 20 գլուխն էլ տվել ենք ժողովրդին, բնակիչներին՝ օգնության կարգով, որը պիտանի է եղել, որը թեթևակի վնասվածք է ունեցել»,-ասաց Ատոմ Առաքելյանը:
Գյուղապետի կարծիքով՝ ոչխարի հոտին այդքան վնաս հասցնելը մի գայլի գործ չէ: «Գայլը երևի մենակ չի եղել, հոտով են եղել, մտել են ոչխարների մեջ ու հոշոտել: Էլի է եղել, որ գայլերը մտնեն գյուղ, բայց տենց շատ չեն ոչնչացրել, մեկ-երկու ոչխար են տարել»,- ասաց Ատոմ Առաքելյանը:
Ոչխարների տիրոջը տրվելիք փոխհատուցման մասին գյուղապետը դժվարացավ որևէ բան ասել:










