Սիրիական ընդդիմությունը պարտվել է երկրի հյուսիսում «օդանավակայանների համար» մղվող ճակատամարտերում
Ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը հինգշաբթի պարտվել է երկրի հյուսիսում «օդանավակայանների համար» մղվող ճակատամարտերում, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը` հղում կատարելով «Ալ Վաթան» գործակալությանը:
Ապստամբները «նույնիսկ մինիմալ հաջողության չեն կարողացել հասնել, որ բարձրացնեն իրենց շարքերում բարոյական վիճակը», - նշում է գործակալությունը:
«Ալ-Վաթանի» տեղեկություններով, կառավարական զորքերը հետ են մղել հակառակորդի բոլոր փորձերը մոտենալու Մանագայի, Քվեյրասեյի և Նեյրաբեի օդանավակայաններին, որոնք Հալեպի մոտ են գտնվում:
Երկրի հյուսիսային մայրաքաղաքի օդանավակայանի մոտակայքի գրոհայինների բոլոր կրակային կետերը ճնշվել են: Գնդակոծման վտանգը չեզոքացվել է: Մոտակա ժամերին Հալեպի օդանավակայանի օդային հաղորդակցությունը կվերականգնվի:
Սիրիայի ռազմական հրամանատարությունը հերքել է արաբական ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, թե իբր գրոհայինները Իդլիբ նահանգում գրավել են Թաֆտանազի ռազմաօդային բազան:










