Կոլումբիայում ավտոբուսը բախվել է ժայռին. կա 11 զոհ

21:00 • 05.01.13

Կոլումբիայում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, 30-ը` վիրավորվել, հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով կոլումբիական Caracol ռադիոյին:

 

Վթարը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Բոգոտայի և հարավ-արևմտյան Մանիսալես քաղաքի միջև ընկած մայրուղում, որն այստեղ անվանում են «սատանայի ճանապարհ»:

 

Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ, մայոր Ալֆոնսո Կրուսայի խոսքով`  ավտոբուսը մեծ արագությամբ բախվել է ժայռին, որի հետևանքով մահացել է 7 մեծահասակ և 4 երեխա, ևս 30 մարդ ստացել են վնասվածքներ: Ուղևորներից երկուսը գտնվում են ծանր վիճակում:


Վթարը, նախնական տվյալներով, վարորդի մեղքով է տեղի ունեցել. նա քնել է ղեկին: