Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագով այսօր սկսվում են եկեղեցական տոները
Այսօր երեկոյան Հայ Առաքելական եկեղեցին կնշի Սուրբ Ծննդյան Ճրագալույցը: Բոլոր եկեղեցիներում Ճրագալույցի (ճրագները վառելու) Սուրբ պատարագ կմատուցվի:
Տեր Թովմա քահանա Անդրեասյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ եկեղեցական տոնը սկսվում է ժամը 17.00-ին` Ճրագալույցի Սուրբ Պատարագի մատուցմամբ: «Սուրբ Ծնունդը և Աստվածային հայտնությունը Հայաստանում տոնում են հունվարի 5-ի երեկոյան և շարունակում հունվարի 6-ին: Ճրագալույց նշանակում է ճրագները վառել»,-ասաց նա:
Ըստ քահանայի՝ այս երեկո մարդիկ Ճրագալույցի պատարագից հետո մոմերը տուն կտանեն և կլուսավորեն նաև իրենց տները, որոնք խորհրդանշում են աստվածային լույսն ու եկեղեցու օրհնությունը:
«Ճրագներ վառելը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որն ուղեկցեց մոգերին դեպի նորածին Հիսուս»,- մեկնաբանեց քահանան և նշեց, որ Ծննդյան պատարագից հետո մարդիկ դուրս են գալիս մեկշաբաթյա պահքից:
Ըստ քահանայի` սուրբծննդյան տոները շարունակվում են մինչև հունվարի 13-ը` Հիսուսի անվանակոչության օրը։
«Հունվարի 13-ին մարդիկ 8-օրական Քրիստոսին բերում են տաճար անվանակոչության` անունը կնքելով Հիսուս, որը նշանակում է Փրկիչ»,-ասաց քահանան և ընդգծեց, որ ոչ միայն հոգևորականների, այլ քրիստոնյաների համար ավելի կարևոր է Սուրբ ծննդյան տոները, քան Նոր տարին:
Տեր Թովմա քահանա Անդրեասյանը տեղեկացրեց, որ վաղը 11.00-ին կտրվի Սուրբ Ծննդյան պատարագը, իսկ հաջորդ օրը Մեռելոցն է, որի դեպքում կկատարվի Մեռելոցի Սուրբ Պատարագ:










