Նույն կուսակցությունն է, նույն դեմքերն են, ոչ մի բան չի փոխվում ու չի էլ փոխվի. Տիգրան Կարապետյանը հիասթափված է
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն Ամանորի մասին խոսելու տրամադրություն չունի, առավել ևս քաղաքական դաշտի վիճակի մասին մեկնաբանություն տալու, որովհետև հիասթափված է:
«Դուք` լրագրողներդ, շատ լավ էլ հասկանում եք, բայց խաղի մեջ եք մտնում, լավ էլ գիտեք, որ չկա արդարություն, չկա ժողովուրդ, չկա քաղաքական դաշտ վերջ»,-Tert.am-ի հետ զրույցում վրդովված ասաց նա:
Տիգրան Կարապետյանը մանրամասնեց, որ մի կուսակցություն բռնագրավել է քաղաքական դաշտը, իսկ ժողովրդից մնացել են միայն 10 000 դրամ ընտրակաշառք վերցնողները:
«Ես համարում եմ, որ մենք քաղաքական դաշտ չունենք, ունենք իշխանություն, որը զավթել է: Նույն կուսակցությունն է, նույն դեմքերն են, ոչ մի բան չի փոխվում ու չի էլ փոխվի, մնացածը լրիվ ստից բաներ են լրագրողների համար: Ժողովուրդը դուրս է եկել հանրապետությունից, իսկ մնացողները 10 000 դրամ վերցնողներն են»,-ասաց նա:
Տիգրան Կարապետյանը նոր բան առաջարկելու ոչ տրամադրություն ունի, ոչ էլ հեռանկար է տեսնում: «Միևնույնն է, ինչ էլ անեք, Հանրապետականը կհաղթի, ոչ թե կհաղթի, այլ կկեղծվի, որովհետև ինքը միայն կեղծիքներով է առաջ գնում: Իսկ ՀՀԿ-ից դուրս մյուս կուսակցությունները ձևականություն են` ցույց տալու համար, իբրև քաղաքականություն կա, իբրև ՀԱԿ-ն ընդդիմադիր ա, չկա տենց բան, լրիվ սարքած ա, վերջ»,-ասաց նա:
Անդրադառնալով Ամանորի թեմային` Ժողովրդական կուսակցության նախագահը նշեց, որ ինքը չի կարոտում ԱԼՄ-ի կոլեկտիվի ամանորյա տոները: «Նման հավաքներ դուք կազմակերպեք, ձեր կոլեկտիվով, ես ինչքան կազմակերպել եմ, իմ կոլեկտիվի մասին եմ մտածել, հիմա ինչի՞ պետք է մտածեմ, հիմա դուք մտածեք»,-ասաց նա և նշեց, որ այժմ ապրում է իր ու իր ընտանքի համար, Նոր տարին դիմավորել է տանը, երեխաների և ընտանիքի հետ:
«Մենք պրոբլեմ չունենք, մերը no limit ա, փառք Աստծո»,-տոներին հատկացված գումարների մասին նշեց նա և ավելացրեց, որ երեխաների համար նվերն էլ ամենաթանկարժեքն է ընտրել:










