Շատ դանդաղ, բայց, այնուամենայնիվ, Հայաստանում զարգացում նկատվում է. Վազգեն Մանուկյան
Լուսանկարը` PanArmenian Photo-ի
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը չի կարծում, որ առաջիկա նախագահական ընտրությունների ելքը կանխորոշված է:
«Ես չէի ասի, որ կանխորոշված է...Բոլոր դեպքերում ես միայն լավն եմ տեսնում Հայաստանի համար»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց նա:
Վազգեն Մանուկյանի համոզմամբ՝ Հայաստանը զարգացման ճիշտ ուղու վրա է: «Ցավոք սրտի, շատ դանդաղ, բայց, այնուամենայնիվ, Հայաստանում զարգացում նկատվում է»,-ասաց նա:
Հանրային խորհդի նախագահի ցանկությունը մեկն է. «Ես կցանկանայի, որ այդ զարգացումն արագանար, ուրիշ ոչ մի բան»:
Մյուս հարցերը` արտագաղթ, գազի գնի հավանական թանկացում, ըստ նրա, կախված չեն Հայաստանի ներքաղաքականությունից: «Մյուս հարցերը՝ գազի գնի բարձրացում, ոչ կառավարությունից են կախված, ոչ նախագահական ընտրություններից: Գազի հարցում Ռուսաստանը մոնոպոլիստ է և թելադրում է գները, էդտեղ ինչ պետք է անես»,- նախագահի վարած քաղաքականությունը փորձեց արդարացնել նախկին ընդդիմադիր գործիչը:
Ինչ վերաբերվում է նման պայմաններում Հայաստանի կողմնորոշմանը՝ Եվրոպա, թե Եվրասիա, Վազգեն Մանուկյանը դեռևս այդ հարցին կոնկրետ պատասխան տալ չի կարող:
«Այս հարցը` Եվրոպա, թե Եվրասիա, դեռ շատ ջուր կվերցնի, շատ երկար գործընթաց է լինելու, միշտ էլ դնելու են այդ հարցը` կամ այս կողմ ես գնում, կամ այն, բայց իրականում այս գործընթացը շատ երկար է տևելու: Մենք էլ երկար ժամանակ ունենք դեռևս լինել երկուսում էլ միաժամանակ»,-նշեց նա:










