ԱՄՆ-ում ոստիկանությունը սպանել է 3 մարդու սպանած հրաձիգին

10:20 • 06.01.13

ԱՄՆ Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքում ոստիկանության հետ հրաձգության ընթացքում սպանվել է մի տղամարդ, ով, ենթադրվում է, որ ավելի վաղ 3 մարդու էր կրակել. տեղեկացնում է BBC-ն:


Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել հարևանների կանչով, ովքեր տեղեկացրել են, որ հարևան տներից մեկում հրաձգության ձայներ են լսվում: Ոստիկանության համոզմամբ՝ տանը թաքնվել է զինված և վտանգավոր հանցագործը:
 

Նրա հետ բանակցելու փորձերն ապարդյուն են անցել: Մի քանի ժամ անց ոստիկանությունը գրավել է տունը, սակայն հրաձիգն արդեն մահացած է եղել:

 

«Մենք նրանից պահանջեցինք դուրս գալ և հանձնվել, սակայն նա մերժեց և երկրորդ հարկի պատուհանից սկսեց կրակել մեր ուղղությամբ: Մենք պատասխան կրակ բացեցինք և վիրավորեցինք նրան, բայց փաստորեն նա մահացու վերք է ստացել»,-լրագրողներին պատմել է ոստիկանության ներկայացուցիչը:


Զոհված երկու տղամարդկանց և մեկ կնոջ անունը դեռևս չի հրապարակվում: Նախնական տվյալներով՝ նրանք մահացել են մինչև ոստիկանության ժամանումը: Տանը գտնված մեկ այլ կնոջ հաջողվել է անվնաս դուրս գալ տնից: