Վլադիմիր Պուտինն ու Ժերար Դեպարդյոն հանդիպել են
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոյի հետ, ում հունվարի 3-ին Ռուսաստանի քաղաքացիություն էր շնորհել:
Նրանց հանդիպման կադրերը ցուցադրել է ռուսական «Առաջին ալիքը»:
Նախօրեին դերասանը չարտերային թռիչքով ժամանել էր Սոչի: Ավելի վաղ, տարբեր լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ Սոչիում Դեպարդյոյին ռուսական անձնագիր է հանձնվելու, սակայն այդ իրադարձությունը չի ցուցադրվել:
РИА Новости գործակալության հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է այս տեղեկությունը և հավելել, որ Ռուսաստան կատարած մասնավոր այցի ընթացքում տեղի ունեցած ընթրիքի ժամանակ Դեպարդյոն նախագահին պատմել է նաև իր ստեղծագործական պլանների մասին:
Անցյալ տարվա դեկտեմբերին 63-ամյա դերասանը հայտարարել էր, որ մտադիր է հրաժարվել ֆրանսիական քաղաքացիությունից, որպեսզի չվճարի բարձր հարկերը:










