Հյուսիսային Իռլանդիայում անկարգությունների հետևանքով 70 ակտիվիստ է ձերբակալվել

00:20 • 07.01.13

Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանությունը հինգշաբթի օրվանից անկարող է ճնշել լոյալիստ ցուցարարների բողոքի չարտոնված ակցիաները, որոնք հանդես են գալիս այդ տարածքի Միացյալ Թագավորության կազմում պահպանման օգտին, հաղորդում է ИТАР-ТАСС՝ հղում կատարելով «Սքայ Նյուզ» հեռուստաալիքին:


Բելֆաստի անկարգությունները շարունակվում են չնայած նրան, որ այսօր իրավապահները կարողացել են մի շարք ձերբակալություններ իրականացնել և չեզոքացնել մի քանի կազմակերպիչների: Նման միջոցառումների արդյունքում կալանավորված ցուցարարների թիվը հասել է 70-ի:


«Սքայ Նյուզ» հեռուստաալիքի տեղեկություններով, ներկայում 47 ակտիվիստների արդեն մեղադրանքներ են ներկայացվել վարչական իրավախախտումների կատարման համար:


Մյուսների մասով հետաքննությունը դեռևս շարունակվում: Շատ ցուցարարներ մեղադրվում են ոստիկանների վրա քարեր, ծխառումբեր և ֆայերներ նետելու և լազերային ուղղորդիչներով կուրացնելու փորձի համար: Իրավապահների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց վրա հարձակվելու մեջ մեղավոր ճանաչվածներին խոշոր ֆինանսական տուգանքներ ու ազատազրկում է սպառնում:


Միայն անցյալ շաբաթվա ընթացքում ցուցարարների գործողությունների հետևանքով 20 ոստիկան է տուժել: Շարունակվող անկարգությունները ստիպել են Բելֆաստի ոստիկաններին ռետինե փամփուշտներ ու ջրցան մեքենաներ օգտագործել չարտոնված ցույցը ցրելու համար: