Բեռլուսկոնին խորհրդարանական ընտրությունների շեմին գլխավորել է նոր կոալիցիա

19:20 • 07.01.13

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին գալիք խորհրդարանական ընտրություններին կգլխավորի իր «հին» կոալիցիան «Հյուսիսի լիգա»-ի հետ միասին, հայտնում է ИТАР-ТАСС-ը։


Այս որոշման մասին 76-ամյա քաղաքական գործիչը հայտարարել է այսօր՝ հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում։


«Մենք համաձայնագիր ենք ստորագրել «Հյուսիսի լիգա»-ի հետ, որի նախագահը՝ որպես միասնական թեկնածու, կառաջադրվի Լոմբարդիայի նահանգապետի պաշտոնի համար»,-ասել է Բեռլուսկոնին։


Միևնույն ժամանակ նա նշել է, որ հաղթանակի դեպքում ինքը կզիջի կառավարության ղեկավարի պաշտոնը Անջելինո Ալֆանոյին, ով արդեն երկար ժամանակ համարվում է Բեռլուսկոնիի հետնորդը։ Իտալիայի նախկին վարչապետը չի բացառել , որ ինքը կարող է զբաղեցնել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։


Փետրվարի 24-25 կայանալիք ընտրություններում աջակենտրոն կոալիցիայի գլխավոր մրցակիցը կլինի ինչպես միշտ ձախակենտրոն Դեմոկրատական կուսակցությունը՝ Պիերլուիջի Բերսանիի գլխավորությամբ։ Վարչապետի պաշտոնին է հավակնում նաև Մարիո Մոնտին, ով գլխավորում է կենտրոնական ուժերի կոալիցիան։