Ֆրանսիական դատարանը չի հետաձգի Դեպարդյոյի գործով դատական նիստը

23:43 • 07.01.13

Փարիզի դատախազությունը հրաժարվել է հետաձգել հունվարի 8-ին նշանակված դատական նիստը` դերասան Ժերար Դեպարդյոյի գործով, հայտնում է РИА Новости-ն:

Դեպարդյոն մեղադրվում է նոյեմբերի 29-ին անսթափ վիճակում սկուտեր վարելու համար: Այդ ժամանակ անվանի դերասանը ՃՏՊ-ի պատճառ էր դարձել: Ալկոհոլի պարունակությունը նրա արյան մեջ երեք անգամ գերազանցել էր թույլատրելի չափը:


Ի սկզբանե նիստը նշանակված էր եղել դեկտեմբերի 13-ին, սակայն Դեպարդյոն խնդրել էր հետաձգել: Այժմ դերասանը գտնվում է Շվեյցարիայում ու ևս մեկ անգամ խնդրել է հետաձգել նիստը, սակայն այս անգամ խնդրանքը չի բավարարվել:

Ֆրանսիայի իշխանությունների հարկային քաղաքականությունից դժգոհ Դեպարդյոն Շվեյցարիա է ուղևորվել Ռուսաստանից, որտեղ նախօրեին նրան ՌԴ քաղաքացիություն էր շնորհվել: