Բոստոնի օդանավակայանում այրվել է «երազանքի ինքնաթիռ» Boeing-787-ը
Ամերիկայի Բոստոն քաղաքի կայանատեղիում ուղևորներին իջեցնելուց հետո այրվել է Boeing-787 ինքնաթիռը, որը արտադրողները գովազդում են որպես «երազանքի ինքնաթիռ», հայտնում է Газета-ն` վկայակոչելով Reuters գործակալությանը:
Օդանավը, որում տեղի է ունեցել հրդեհը, պատկանում է Japan Airlines ընկերությանը: Այն ուղիղ չվերթով ժամանել էր Տոկիոյից: Մեխանիկը, ով նկատել է ծուխը, կանչել է հրշեջներին, ովքեր արագ հանգցրել են կրակը: Ավելի ուշ պարզվել է, որ հրդեհը տեղի է ունեցել մարտկոցի պայթյունից:
Դեկտեմբերին Boeing-787 Dreamliner տիպի երեք ինքնաթիռներում խնդիրներ են առաջացել էլկտրոհամակարգի հետ: Ավելի վաղ այս մոդելի ինքնաթիռներում վառելիքի արտահոսք և շարժիչների խափանում է գրանցվել:
Սրա կապակցությամբ ԱՄՆ-ի քաղավիացիայի դաշնային վարչությունը կարգադրել է ստուգումներ անցկացնել Dreamliner-ի բոլոր ինքնաթիռներում` վառելիքի արտահոսքի խնդիրները պարզելու համար: Սակայն Բոստոնում տեղի ունեցած հրդեհը, ըստ փորձագետների, վկայում է անվտանգության ավելի լուրջ խնդիրների մասին:
Boeing ընկերության բաժնետոմսերը պատահարից հետո ընկել են 2%-ով:










