Ամերիկյան ընկերությունը փոխհատուցում է վճարել Աբու Ղրեյբ բանտի իրաքցի կալանավորներին՝ խոշտանգումների համար
ԱՄՆ ռազմական գերատեսչության հետ պայմանագրով պաշտպանություն իրականացնող մասնավոր ամերիկյան ձեռնարկությունը մոտ 5,52 մլն դոլար փոխհատուցում է վճարել մի քանի իրաքյան բանտերի, այդ թվում՝ տխրահռչակ Աբու Ղրեյբ բանտի կալանավորներին, հայտնում է The New York Times-ը:
Խոսքը Engility Holdings-ի մասին է, որը հայցվորների հետ համաձայնության էր եկել դեռ 2012-ի հոկտեմբերին: Վերջիններս ընկերությանը մեղադրել էին կալանավորների ստորացումներին ու կտտանքներին առնչություն ունենալու համար:
Engility Holdings-ը, որը մինչ այդ հայտնի էր L-3 Services, իսկ ավելի վաղ՝ Titan Corporation անվանումներով, ներողություն է խնդրել, իսկ 5,52 մլն ԱՄՆ դոլար է վճարել ընդհանուր առմամբ 71 նախկին կալանավորի, որոնք ամերիկյան վերահսկողությամբ ազատազրկման վայրերում են եղել 2003 – 2007 թթ:
2004-ին Ջորջ Բուշ կրտսերի վերընտրման քարոզարշավի ժամանակ պայթել էր Աբու Ղրեյբի սկանդալը. ամերիկացի զինվորները ստորացումների, խոշտանգումների էին ենթարկել իրաքցի բանտարկյալների և սեռական ոտնձգություններ թույլ տվել նրանց հանդեպ: Այդ ամենը տեսալուսանկարահանվել էր:










