Կամերունում ազատել են համասեռամոլության մեջ մեղադրվող երկու տղամարդու
Այսօր Կամերունի վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել` ազատ արձակել երկու տղամարդու, ովքեր դատապարտվել էին 5 տարի ազատազրկման`«համասեռամոլների նման լինելու» և Baileys խմելու համար: Այս մասին գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Տղամարդկանց ձերբակալել էին երկրի մայրաքաղաք Յաունդեի գիշերային ակումբներից մեկի մոտակայքում` իրենց մեքենայում: Ջոնաս Կումին և Ֆրենկի Դյոմը բանտում են անցկացրել 1.5 տարի: Ըստ իրավապաշտպանների, այս ընթացքում հսկիչների և մյուս բանտարկյալների կողմից բռնության են ենթարկվել:
Իրավապաշտպան ընկերությունները և համասեռամոլների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ խմբեր ողջունել են դատարանի այս որոշումը և Կամերունի նախագահ Պոլ Բիյուին կոչ են արել ազատել մյուս բանտարկյալներին, ովքեր մեղադրվում են համասեռամոլության մեջ:
Կամերունում և մի շարք աֆրիկյան երկրներում համասեռամոլությունը քրեական հանցագործություն է համարվում: Տանզանիայում դրա համար հասնում է ցմահ բանտարկություն, Սոմալիում պատժում են 14-ամյա բանտարկությամբ, Սոմալիում համասեռամոլներին աքսորում են, իսկ Սուդանում երեք անգամ դատելուց հետո ենթարկվում են մահապատժի:










