Ուգո Չավեսի երդմնակալության արարողությունը հաստատ չի կայանա. պաշտոնական Վենեսուելա
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը չի կարող մասնակցել երդմնակալության արարողությանը, որը նախատեսվում էր իրականացնել վաղը՝ հունվարի 10-ին։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, երկրի կառավարությունն արդեն հաստատել է այս տեղեկությունը։
Չնայած նման խոսակցություններ վաղուց էին առկա, սակայն այս անգամ հանրապետության իշխանությունները պաշտոնապես ընդունել են, որ Չավեսի առողջական խնդիրների պատճառով երդմնակալությունը չի կայանա։ Այն հետաձգվել է անորոշ ժամկետով։
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը երկրի Բարձրագույն դատարանից պահանջել է պարզաբանել իրավիճակը։ Նա պնդում է, որ համաձայն Սահմանադրության, եթե Չավեսը հունվարի 10-ին չերդվի, ապա Ազգային ժողովը պետք է ստանձնի երկրի նախագահի պարտականությունները՝ մինչև երկրում նոր ընտրությունների անցկացումը։
Վենեսուելայի կառավարությունը պնդում է, որ նախագահի երդման արարողությունն ընդամենը ձևականություն է։
Քաղցկեղով հիվանդ նախագահ Ուգո Չավեսն արդեն մեկ ամիս է Կուբայի հիվանդանոցներից մեկում է, որտեղ արդեն 4-րդ վիրահատությունն է տարել։










