«Նուբարաշեն» ՔԿՀ–ում կալանավորին թմրամիջոց փոխանցելու երկու փորձ է կանխվել

15:36 • 09.01.13

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ին այցելած քաղաքացի Գ. Մ.-ից անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել և առգրավել են վերջինիս ոտքի ազդրի վրա կպչուն ժապավենով ամրացված պոլիէթիլենային փաթեթ, որում առկա է եղել սուբոտեքսանման դեղահաբի մեկ կտոր, այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

 

Նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դ. Ն.-ին այցելած քաղաքացի Բ. Կ.-ի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել և առգրավել են ոտքի ազդրի վրա կպչուն ժապավենով ամրացված պոլիէթիլենային երկու փաթեթ, որում առկա է եղել ընդհանուր 4,7 գրամ «մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող զանգված:

 

Երկու փաստի առթիվ էլ կատարվում է հետաքննություն: Հայտնաբերված նյութերն ուղարկվել են փորձաքննության: