Իրանի փոխնախագահը Սիրիայի վարչապետի հետ հեռախոսազրույցում ողջունել է Ասադի նախագիծը
Իրանի առաջին փոխնախագահ Մուհամմադ Ռեզա Ռահիմին հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալքիի հետ և տեղեկացրել, որ Իրանը ողջունում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ներկայացրած բարեփոխումների նախագիծը, տեղեկացնում է Mehr գործակալությունը։
Կիրակի օրն Ասադը դիմել էր Սիրիայի ժողովրդին և ներկայացրել ճգնաժամի հաղթահարման փուլային նախագիծը։ Այն ներառում է նոր կառավարության ստեղծում և համընդհանուր համաներում՝ ազգային երկխոսության իրականացումից հետո։
Զրույցի ընթացքում Ռահիմին նշել է, որ ահաբեկիչներն ու օտարերկրյա ուժերը պետք է հասկանան, որ Սիրիայի ժողովուրդը բարեփոխում և խաղաղություն է ցանկանում և չի ընդունի օտարերկրյա միջնորդներին։
Ռահիմին նաև նշել է, որ պետք է հանդիպում իրականացնել սիրիացի և իրանցի պաշտոնյաների միջև։










