Մինսկի խմբի համանախագահները գաղափարական ճգնաժամի առջև են կանգնած. Հրանտ Մելիք-Շահնազարյան

15:21 • 09.01.13

Մինսկի խմբի համանախագահները գաղափարական ճգնաժամի առջև են կանգնած: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` ասելով, որ 2013-ին նրանց համար առաջնահերթ խնդիր պետք է լինի ոչ թե քաղաքական կամ ռազմական առումով բեկումներ մտցնելը, այլև «հասարակությունների մեջ առկա թշնամանքը ինչ-որ մի կերպ վերացնելը պետք է լինի»:


«Դժվար է կանխատեսել ինչպիսին կլինի համանախագահների գործունեությունը: Այն ինտենսիվությունը հանդիպումների, որ կար 2012-ին, նրանք մի փոքր պետք է պակասեցնեն` լավ հասկանալով, որ այն ներքաղաքական իրավիճակը, որ կա Հայաստանում և Ադրբեջանում, ստիպելու են ավելի շատ զբաղվել ներքին զարգացումներով»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:


Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը բավական վաղուց է ձգտում Մինսկի խմբի ֆորմատը քայքայել` Թուրքիային բանակցային գործընթացներում ներգրավելու համար, քանի որ այնտեղ հասկանում են, որ Մինսկի խումբը բացի միջնորդ հանդիսանալուց, նաև ինչ-որ մի յուրահատուկ ակումբ է, որտեղ գերտերությունները համաձայնեցնում են քաղաքականությունը տարածաշրջանում: «Թուրքիան բավական ջանքեր է գործադրում այդ «ակումբում» ներգրավվելու համար: Հայկական դիվանագիտությունը Մինսկի խումբը պահպանելու համար գործադրում է ամեն տեսակ դիվանագիտական ջանք, քանի որ Թուրքիայի ներգրավվածությունը Հայաստանի և Արցախի համար, բնականաբար շահեկան չի լինի»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:


Բանախոսը բավականին թերահավատորեն է մոտենում նաև միջնորդների այն խոսքերին, որ ծրագրեր են մշակվել կամ նոր առաջարկություններով են հանդես գալու, որովհետև, նրա խոսքերով, անցած երկու տասնամյակների ընթացքում հնարավոր բոլոր սցենարները քննարկվել են: