Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ է ունեցել
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հրավերով հունվարի 8-ին մեկնել է Բրյուսել:
Պատվիրակության կազմում էին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Վահե Էնֆիաջյանը, Խաչիկ Հարությունյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:
Ինչպես փոխանցում է ԱԺ տեղեկատվության և հասարակայնության վարչությունը նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 9-ին հանդիպել է Եվրոպական ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները, բարձր գնահատել արդեն իսկ արձանագրված քաղաքական երկխոսության դրական դինամիկան և երկուստեք այն պահպանելու և շարունակելու պատրաստակամություն հայտնել:
Նշվել է, որ առաջընթաց է արձանագրվել ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացում` Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ, միևնույն ժամանակ բանակցությունները 2013 թվականին ավարտին հասցնելու պատրաստակամություն են հայտնել, ինչը նոր որակ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:
Անդրադարձ է եղել նաև ՀՀ-ի տնտեսական և ժողովրդավարական ներքին բարեփոխումների ընթացքի վրա այդ գործընթացի դրական ազդեցությանը: Խոսվել է մուտքի արտոնագրերի և հետընդունման բանակցային գործընթացն ավարտելու և պայմանագրերի շուտափույթ վավերացման անհրաժեշտության մասին : Կարևորվել է այդ պայմանագրերի իրագործումը, ինչը ճանապարհ կհարթի դեպի մուտքի արտոնագրերի ազատականացումը ՀՀ քաղաքացիների համար:
Շտեֆան Ֆյուլեն իր հերթին երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարության որոշման համար, որով ԵՄ քաղաքացիները կարող են առանց վիզաների ձեռքբերման մուտք գործել Հայաստան:
Կարևորվել է նաև ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը ազատ և եվրոպական չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Հանդիպման վերջում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց ակտիվ համագործակցության համար և հավաստիացրեց, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս կիրառելու համագործակցության հնարավորություններն ու գործիքները:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նույն օրը հանդիպել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյի հետ:
ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, իր և պատվիրակության անունից նրանց հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում, իսկ Բելգիայի բարեկամ ժողովրդին` առաջընթաց և նոր նվաճումներ նոր տարում:
Հանդիպման ժամանակ կարևորվել են երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունն ու շփումների ակտիվացումը, այդ թվում` խորհրդարանական բարեկամական խմբերի և մշտական հանձնաժողովների անդամների փոխայցելությունները:
Կարևորվել է նաև միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում խորհրդարանականների սերտ համագործակցության հաստատումը:
Հովիկ Աբրահամյանի գնահատմամբ` խորհրդարանական դիվանագիտությունը մեծ դեր ունի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում, և պետք է լավագույնս օգտագործել այն:
Քննարկման ժամանակ կարևորվել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարը, այդ թվում` այն փաստը, որ ԵՄ Արևելյան գործընկերության նոր գաղափարախոսության հիմքում ընկած է «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքը, որը նախատեսում է Եվրամիության կողմից գործընկեր երկրներին ավելի շատ աջակցության տրամադրում` ավելի շատ բարեփոխումների դիմաց:
Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին` ԱԺ նախագահը վստահեցրել է, որ, անկախ տարածաշրջանում առկա խնդիրներից և մարտահրավերներից, Հայաստանը հաստատակամորեն ընտրել է պետականաշինության ժողովրդավարական ճանապարհը: Հայաստանը հաստատակամ է եվրոպական չափանիշներին համապատասխան խորքային և համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում:
Եվրամերձեցման քաղաքականությունը Հայաստանի համար ոչ միայն ներքին բարեփոխումների, այլև արտաքին քաղաքական օրակարգի առանցքներից է:
Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին` նշելով, որ հայկական կողմի դիրքորոշումը հիմնված է միջազգայնորեն ընդունված երեք սկզբունքների վրա. դրանք են` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, ազգերի ինքնորոշումը և տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է այս գործընթացին՝ կառուցելով իր քաղաքականությունը միայն մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: ԱԺ նախագահի գնահատմամբ` այս մոտեցմամբ հնարավոր չէ խոսել փոխզիջումների մասին:
Հովիկ Աբրահամյանը նշել է նաև, որ Ադրբեջանը, խեղաթյուրելով հակամարտության էությունն ու հետևանքների բուն պատճառները, նաև քայլեր է ձեռնարկում հակամարտության կարգավորման մեջ ներքաշելու այլ միջազգային կազմակերպությունների` փորձելով խոչընդոտել բանակցային գործընթացը և հետապնդելով քարոզչական նպատակներ, ինչը միանգամայն անընդունելի է:
Բելգիայի Սենատի նախկին նախագահ, այժմ Սենատի նախագահի տեղակալ Արման դը Դեկկերը օբյեկտիվորեն գնահատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ու հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ միջազգային հանրության ու Հայաստանի կատարած քայլերը` համոզմունք հայտնելով, որ դրանք պետք է լուծում ստանան բացառապես միջազգային նորմերին ու սկզբունքներին համապատասխան:
Հանդիպման վերջում կողմերն անդրադարձել են նաև Բելգիայի հայ համայնքի դերին ու նշանակությանը: Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունը նկատեց, որ յուրաքանչյուր երկրում հայկական համայնքը յուրօրինակ կամուրջ է տվյալ երկրի և Հայաստանի միջև, և ցանկալի է, որ այդ կամուրջը լինի ամուր ու անսասան: Նրա գնահատմամբ` Բելգիայի հայ համայնքը իր նպաստն է բերում ինչպես Բելգիայի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացմանը, այնպես էլ հայ-բելգիական հարաբերությունների սերտացմանը:
Հովիկ Աբրահամյանը Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունին և Ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյին հրավիրել է Հայաստան:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հաջորդ հանդիպումը ԵԽ ԵԺԿ խմբակցության ղեկավար Ժոզեֆ Դոլի հետ էր:
ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ ԵՄ կառույցների հետ համագործակցությունը դրական զարգացում ունի, և կարևորեց ԵԺԿ դերը եվրոպական ինքնության պահպանության և Եվրոպական Միության գործընկեր երկրների հետ համագործակցության խորացման գործում:
Հովիկ Աբրահամյանը հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին հավատարմությունից բխող քայլ է համարել` նկատելով, որ եվրոպական արժեքներով, սկզբունքներով ու չափանիշներով զարգանալու Հայաստանի ձգտումը վայելում է հասարակության լիարժեք աջակցությունը:
Նրա տեղեկացմամբ` վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորությամբ մեծ ջանքեր են գործադրվել եվրոպական արժեհամակարգի վրա հիմնված ժողովրդավարական երկիր կառուցելու, Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, որի արդյունքները ավելի ու ավելի տեսանելի են դառնում:
Կողմերն անդրադարձել են նաև Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցություններին, որը պետք է նոր որակի հասցնի Հայաստան-ԵՄ համագործակցությունը: ԱԺ նախագահը հույս է հայտնել մինչև 2013թ. Վիլնյուսի գագաթնաժողովը ավարտին հասցնել բանակցային գործընթացը:
ԵԺԿ խմբակցության ղեկավարի հետ քննարկվել են նաև Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր և կարևորվեց այս ձևաչափով ԵՄ-ի և գործընկեր երկրների հետ համագործակցության խորացումը: Նշվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն ակտիվորեն համագործակցում են Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության անդամների հետ ինչպես Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի, այնպես էլ ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համգործակցության հանձնաժողովի շրջանակներում:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Հայաստանը հանդես է եկել նախաձեռնությամբ Եվրանեսթի լիագումար նստաշրջանը 2014 թվականին Երևանում անցկացնելու համար:
Անդրադարձ է եղել նաև փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին: ԱԺ նախագահի գնահատմամբ` Հայաստանի իշխանությունները ունեն քաղաքական կամք` ընտրությունները թափանցիկ և եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացնելու համար, ինչը Հայաստանի հետագա առաջընթացի լավագույն երաշխիքը կլինի:
ԱԺ նախագահը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարևորել է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարաբերությունների տեսանկյունից: Այս հարցում Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, հավատարիմ է մնացել Ցյուրիխում ստորագրած արձանագրությունների ոգուն և պատրաստակամ է առանց նախապայմանների կատարելու իր ստանձնած պարտավորությունները: Այնինչ Թուրքիան շարունակում է առաջ քաշել արձանագրություններում բացակայող նախապայմաններ, որոնք ի սկզբանե անընդունելի են Հայաստանի համար:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԵԽ-ում ԵԺԿ խմբակցության ղեկավար Ժոզեֆ Դոլին հրավիրել է Հայաստան:
Այսօր նախատեսված է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական հանդիպումները Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի հետ:










