Բրահիմին ներողություն է խնդրել Ասադի ելույթը մեկնաբանելիս օգտագործած բառի համար

09:54 • 10.01.13

ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին ներողություն է խնդրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ելույթն «աղանդավորական» անվանելու համար։


Բրահիմին նաև նշել է, որ Ասադին չի տեսնում անցումային կառավարության կազմում, որի ստեղծումը նախատեսվում է խաղաղության նախագծով։ «Իհարկե, նա չի լինի այդ կառավարության անդամ»,-ընդգծել է հատուկ ներկայացուցիչը։

 

Նրա խոսքով՝ Ժնևում մշակված նախագիծը միակ տարբերակն է Սիրիայում բարդ իրավիճակից դուրս գալու համար։ «Որոշումը չի կարող սպասել մինչև 2014թ.-ը, այն պետք է ընդունվի այս տարի»,-ասել է նա։

 

Ավելի վաղ BBC-ին տված հարցազրույցում Բրահիմին հայտարարել էր, որ Սիրիայի արաբական հանրապետության նախագահի ելույթը ոչնչով չէր տարբերվում նախորդներից։ «Հնարավոր է անգամ, որ այն ավելի աղանդավորական և միակողմանի էր»,-ասել է Բրահիմին։


Ասադը հունվարի 6-ին ներկայացրել էր ճգնաժամի կարգավորման իր նախագիծը, ինչն արժանացել էր արևմտյան քաղաքական գործիչների խիստ քննադատությանը։