Քաղաքացին մեղադրում է կնոջ երիկամը վաճառքի նպատակով հեռացնելու մեջ, մեղադրվող կողմը մեղադրանքները համարում է անհիմն

15:00 • 10.01.13

Մասնագիտությամբ ինժեներ Կարապետ Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե Հայաստանում մարդու օրգաններ գողանալու մաֆիա կա, և «Մարգարյան» («Մոր և մանկան առողջության պահպանմանկենտրոն» -Tert.am) և «Նաիրի» բժշկական կենտրոնների բժիշկներին մեղադրեց մարդու օրգանների գողանալու մեջ։ Ի դեպ, օրեր առաջ նշված խնդրի վերաբերյալ տեսանյութ էր տարածել «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը, որտեղ Կարապետ Կարապետյանը ներկայացնում էր իր խնդիրները, ինչին անդրադարձել էր նաև Tert.am-ը։
 


Կ. Կարապետյանի կինը 2008թ.–ին դիմել է «Մարգարյան» բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է ձվարանների կիստայի վիրահատություն, ինչի սխալ կատարման հետևանքով, ըստ նրա, կնոջ մոտ խնդիրներ են առաջացել։


Կարո Կարապետյանը նշեց, թե բանը հասել է նրան, որ բժիշկների սխալ բուժման հետևանքով կնոջ երիկամը հեռացնելու կարիք է առաջացել։ «Հինգ ամսվա ընթացքում 7 վիրահատություն են իրականցրել, որից 3–ը՝ «Նաիրիում», 1–ը՝ «Մարգարյանում», 1–ը՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում, և արդյունքում հեռացրել են կնոջս երիկամը, արգանդը, ձվարանները, փողերը»,–ասաց նա՝ հավաստելով, որ այդ բոլոր վիրահատությունները կատարվել են անհիմն և կնոջ երիկամը սեփականացնելու համար։


Նրա տեղեկացմամբ՝ իրենք դիմել են երիկամը հեռացնող «Մարգարյան» հիվանդանոցի բժիշկ Օկոևին, որպեսզի իրենց վերադարձնեն օրգանը, սակայն վերջինս հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ երիկամն ուղարկել են փորձաքննության։ «Իմ պահանջն էր, որպեսզի ես համոզվեի, որ այս բոլոր չորս չպլանավորված վիրահատությունները երիկամը վերցնելու համար էր, և ես համոզվեցի, որ մեր հանրապետությունում մարդու օրգանների գողացման մաֆիա է գործում»,– ասաց նա՝ վստահեցնելով, որ իր կնոջ երիկամը վաճառել են «Նաիրի» բժշկական կենտրոնում։


Կինը՝ 39–ամյա Նունե Մաղաքյանը, այդ ամենի արդյունքում զրկվել է աշխատանքից, դարձել է երկրորդ կարգի հաշմանդամ, իսկ հիմա արդեն պատրաստվում են երրորդ կարգ տալ։


Այս հարցով 2010թ.–ին քրեական գործ է հարուցվել, և, ինչպես տեղեկացրեց տուժող կողմի ներկայացուցիչը, առ այսօր խնդրին լուծում չի տրվել։ «Ես պահանջում եմ արդար դատաքննություն և ֆինանսական փոխհատուցում, հակառակ դեպքում այս հարցը կքննի Եվրոպական դատարանը»,– ասաց Կարո Կարապետյանը։


Վերը նշված խնդրի կապակցությամբ այսօր պարզաբանմամբ է հանդես եկել նաև, որ «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ տնօրեն պրոֆոսոր Գ. Օկոևը, որը ներկայացնում ենք ստորև.


Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության լրատվամիջոցներում վերջերս ակտիվորեն տարածվում են բազմաթիվ անճշտություններ և անհիմն մեղադրանքներ պարունակվող տեղեկություններ քաղաքացի Նունե Մաղաքյանին բժշկական վիրահատական միջամտության ենթարկելու կապակցությամբ, «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն¦ ՓԲԸ-ն սույնով ներկայացնում է որոշակի պարզաբանումներ:


Նախ նշենք, որ Նունե Մաղաքյանի ամուսին Կարապետ Կարապետյանի կողմից լրատվամիջոցների միջոցով տարածվում են ոչ միայն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, այլ նաև «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ին և անձամբ պրոֆեսոր Օկոևին ուղղված անվայել և վիրավորական արտահայտություններ, որոնց չենք անդրադառնում՝ ցանկանալով մնալ քաղաքակիրթ երկխոսության և կոռեկտության սահմաններում: Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ օրենսդրության պահանջները, ներկայացնում ենք բացառապես բժշկական գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ կամ այնպիսի տեղեկություններ, որոնք հայտնի են դարձել Ն.Մաղաքյանի և իր ամուսին Կ.Կարապետյանի հրապարակային հայտարարություններից:


Հակիրճ ներկայացնենք իրավիճակը.


Ն.Մաղաքյանը 2008թ.-ի հոկտեմբերին` ունենալով ցավեր, դիմել է «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ բուժօգնություն ստանալու խնդրանքով: Կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Ն.Մաղաքյանին բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է կատարել վիրահատություն, ինչի վերաբերյալ Ն.Մաղաքյանը տվել է իր գրավոր համաձայնությունը:


Վիրահատության ընթացքում պարզ է դարձել, որ նախնական ախտորոշումից բացի առկա են նաև վիրահատական միջամտության ենթակա այլ խնդիրներ, ինչը հաշվի առնելով՝ վիրահատությունն իրականացնող բժիշկի կողմից որոշում է կայացվել ընդլայնել վիրահատության ծավալը: Վիրահատության ընթացքում տեղի է ունեցել նման վիրահատությունների դեպքում բժշկությանը հայտնի բարդություններից մեկը, որից հետո կարիք է առաջացել այլ մասնագետների միջամտության, և Ն.Մաղաքյանը տեղափոխվել է այլ բժշկական կենտրոն: Մի քանի վիրահատություններից հետո Ն.Մաղաքյանի գրավոր խնդրանքով և գրավոր փաստաթղթի կազմման հիման վրա իր երիկամը հեռացվել է:
Ստորև նշենք Մաղաքյանի և Կարապետյանի մեղադրանքները հերքող հիմնական փաստերը.


1. «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացված վիրահատական միջամտության ընթացքում որևէ բշժկական սխալ չի կատարվել:


Սա հաստատվում է երեք փորձաքննական եզրակացություններով, որոնցից երկուսը Հայաստանի Հանրապետությունում գործող բժիշկ մասնագետների կողմից իրականացված դատաբժշկական փորձաքննություններ են, մեկը՝ գերմանացի բժշկի կողմից իրականացված փորձաքննություն է: Նշենք, որ գերմանացի բժշկին դիմել էր Ն.Մաղաքյանը և իր ամուսինը, և եթե նրանց կարծիքով Հայաստանում փորձաքննություններն իրականացվում են ոչ օբյեկտիվ, ապա գերմանացի մասնագետի անաչառությանը կասկածելու որևէ հիմքեր նրանք չունեն: Մասնավորապես, գերմանացի բժիշկն իր եզրակացության մեջ հստակ նշել է, որ պրոֆեսոր Օկոևը վիրահատության ընթացքում որևէ բժշկական սխալ թույլ չի տվել և իր կողմից վիրահատության ծավալների ընդլայնումը եղել է ցուցված և ուղղված է եղել հիվանդի առողջության բարելավմանը:


2. Բժշկական վիրահատությունը իրականացվել է Մաղաքյանի համաձայնությամբ: Սա հաստատվում է Մաղաքյանի կողմից ստորագրված գրավոր համաձայնությամբ, այն պարագայում, երբ օրենքը նույնիսկ բանավոր համաձայնությունն է բավարար համարում: Նշենք նաև, որ բացի համաձայնությունը գրավոր տալուց Ն.Մաղաքյանը նաև տեղեկացվել է վիրահատության, վիրահատական միջամտության էության մասին, նրան բացատրվել է, որ վիրահատության ընթացքում հնարավոր են բարդություններ և վիրահատության ծավալի փոփոխություն, ինչը նույնպես գրավոր հաստատվել է Մաղաքյանի կողմից:


3. Ն.Մաղաքյանի վիրահատությունը օրինական կերպով կատարվել է պետպատվերի շրջանակներում:
Բժիշկը կամ բժշկական կազմակերպությունը ինքնուրույն իրավունք չունեն որոշելու, թե որ վիրահատությունը կամ այլ բժշկական ծառայությունը պետք է կատարվի պետպատվերի շրջանակներում, քանի որ դա կատարվում է պետական մարմինների կողմից նախապես հաստատված կարգով և դեպքերում: Նշենք, որ պետպատվերի ձևակերպումը բժշկական կենտրոնի կողմից իրականացվող բարեգործություն չէ, այլ օրենքով սահմանված պարտականություն: Տվյալ դեպքում վիրահատությունը կատարվել է պետպատվերի սահմաններում, քանի որ առկա է եղել ցավային սինդրոմ` համաձայն վիրահատության կատարման պահին գործող իրավական կարգավորման:
Իսկ եթե Ն.Մաղաքյանը և նրա ամուսին Կ.Կարապետյանը գտնում են, որ վիրահատությունը չպետք է կատարվեր պետպատվերի շրջանակներում, ապա նրանք կարող են պետբյուջե վերադարձնել վիրահատության արժեքը, որը փոխանցվել է բուժհաստատությանը:


4. Ն.Մաղաքյանի երիկամը հեռացվել է իր իսկ գրավոր խնդրանքով
Ն.Մաղաքյանի երիկամը հեռացվել է այլ բժշկական կենտրոնում «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ում վիրահատվելուց ավելի քան կես տարի անց: Ն. Մաղաքյանը հրաժարվել է իրեն առաջարկած բուժման երկու եղանակներից, որոնք թույլ կտային պահպանել երիկամը, և գրավոր դիմել է իր երիկամը հեռացնելու խնդրանքով: Ինչ վերաբերում է հեռացված երիկամը իրեն չհանձնելու վերաբերյալ անհեթեթ մեղադրանքին, ապա Հայաստանի Հանրապետությունում գործող հիգիենիկ և հակահամաճարակային նորմերի համաձայն հեռացված օրգանները ենթակա են հատուկ առանձնացված պահպանման և հատուկ եղանակով ոչնչացման, ինչի պարագայում բժշկական կենտրոնի կողմից հիվանդի նման անհեթեթ խնդրանքի կատարումը ապօրինի կլիներ: Նշենք նաև, որ քաղաքացիական գործով դատաքննության ընթացքում Ն.Մաղաքյանի ամուսին Կ.Կարապետյանը, հանդես գալով որպես վկա (դատաքննության ընթացքում վկան քրեական պատասխանատվություն է կրում սուտ ցուցմունք տալու համար, ի տարբերություն լրատվամիջոցներով սուտ տեղեկություններ տարածելու դեպքերի) դատարանին հայտնել էր, որ ավստրիացի, Սանկտ-Պետերբուրգի և հայ մասնագետների կարծիքով Ն.Մաղաքյանի երիկամը մինչև հեռացումը ուներ 80 տոկոս ոչ պիտանիության աստիճան, ինչը Ն.Մաղաքյանի կողմից առաջարկված բուժման եղանակներից հրաժարվելու արդյունք էր:


Ամփոփելով վերը նշվածը՝ նշենք, որ Կ.Կարապետյանի կողմից հնչեցված սուտ տեղեկությունները և մեղադրանքներր հիմնված են բացառապես իր բանավոր հայտարարությունների, չապացուցված և իր իսկ կողմից հորինված փաստերի վրա, չունեն որևէ փաստական և իրավական հիմքեր և ուղղված են հասարակությունը մոլորության մեջ գցելու և «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ն վարկաբեկելու նպատակին: Դրա ամենավառ ապացույցն այն է, որ Կ.Կարապետյանը չցանկացավ հրապարակել և հասարակությանը հասանելի դարձնել իր իսկ պատվերով կատարված գերմանացի բժիշկի փորձաքննության եզրակացությունը:


Միաժամանակ, հաշվի առնելով, որ մինչ օրս լրատվամիջոցների կողմից Ն.Մաղաքյանի վիրահատության հետ կապված տեղեկատվությունը հրապարակվել է խիստ միակողմանի, առանց ստուգելու Կ.Կարապետյանի կողմից տարածված անհիմն մեղադրանքները, «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ն հուսով է, որ Ն.Մաղաքյանի հայցով հարուցված քաղաքացիական գործի ընթացքը այսուհետ կլուսաբանվի օբյեկտիվորեն՝ հաշվի առնելով բազմակարծության սկզբունքը, և այդ նպատակով պատրաստ է տրամադրել բժշկական գաղտնիք չհանդիսացող ցանկացած տեղեկատվություն:
Հարգանքներով,


«Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ տնօրեն
պրոֆոսոր Գ.Գ. Օկոև


«Կարախանյան և ընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ